Մատչելիության հղումներ

Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի նախագիծը մտավ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ


Սարսանգի ջրամբարը
Սարսանգի ջրամբարը

Զեկույցի նախագիծը պատրաստվել է բացառապես ադրբեջանական կողմի հետ համագործակցության և Ադրբեջանի տարածքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում։

2013 թվականից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) տարբեր կարգավիճակներով շրջանառվող Սարսանգի ջրամբարի հարցը զեկույցի նախագծի տեսքով մտավ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ։

Սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովը հավանություն տվեց բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած՝ ըստ էության քաղաքական զեկույցին, որը պատրաստվել է բացառապես ադրբեջանական կողմի հետ համագործակցության և Ադրբեջանի տարածքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում։

Մարկովիչը, ըստ պաշտոնական Ստեփանակերտի, Լեռնային Ղարաբաղ չի այցելել, թեև Ղարաբաղի իշխանությունները, ի տարբերություն բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի, նրա հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել էին, միևնույն ժամանակ ընդգծելով Սարսանգի ջրամբարի հարցի քաղաքականացման ցանկացած փորձի անթույլատրելիությունը։

«Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ զեկույցում Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում գտնվող Սարսանգի ջրամբար չայցելած հեղինակը պնդում է, որ ջրամբարը ոչ բարենպաստ վիճակում է, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանային խոշոր աղետի, որի հետևանքով կարող են մեծ մարդկային կորուստներ լինել: Մարկովիչն ընդգծում է նաև, որ ջրամբարը գտնվում է «Ադրբեջանի այն տարածքներից մեկում, որն օկուպացվել է Հայաստանի կողմից», և որ դրա՝ ոչ բավարար մակարդակի պահպանությունը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար:

Եվրոպացի պատգամավորների քվեարկությանը սպասող զեկույցը նաև պահանջում է այդ շրջաններից դուրս բերել հայկական զինված ուժերը, հնարավորություն տալ անկախ փորձագետներին հետազոտել ջրամբարի վիճակն ու ոռոգման խողովակները։

Պաշտոնական Ստեփանակերտը նկատել է տալիս, որ Ադրբեջանի սահմանամերձ գյուղերի բնակչության ճակատագրով մտահոգված բոսնիացի պատգամավորը միտումնավոր անտեսել է ղարաբաղյան կողմի՝ տարիներ շարունակ հնչող պատրաստակամությունը Սարսանգի ջրային ռեսուրսները Ադրբեջանի հետ համատեղ օգտագործելու շուրջ։

Հերքելով ջրամբարի վտանգավորության մասին Մարկովիչի պնդումները՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը հիշեցնում է դեռևս անցյալ տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Սարսանգի ջրամբար կատարած այցի մասին. այցից հետո միջնորդները տարածած հայտարարությամբ որևէ վտանգի մասին չեն խոսում, այլ ընդամենը հույս են հայտնում, որ կողմերը համաձայնության կգան ջրային այդ պաշարների համատեղ օգտագործման հարցում։

Լեռնային Ղարաբաղն այսօր էլ պատրաստ է երկխոսություն սկսել Ադրբեջանի հետ այդ երկրի սահմանամերձ գյուղերի բնակչությանը ջուր տրամադրելու հարցի շուրջ, վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակը։

«Սա բացառիկ երևույթ է, երբ այսպիսի հակամարտության մեջ գտնվող երկիրը՝ որպես բարի կամքի դրսևորում, առաջարկել է իր սեփական ջրից ինչ-որ մի քանակություն տրամադրել Ադրբեջանին։ 1998 թվականին այդպիսի առաջարկով պաշտոնական Ստեփանակերտը հանդես է եկել, դա անտեսվել է։ Սա կառուցողական մոտեցման և մարդասիրության լավագույն դրսևորումներից մեկն է։ Որևէ ձևով արձագանք չի եղել ո՛չ Ադրբեջանի, մանավանդ միջազգային հանրության կողմից։ Ճիշտ է՝ համանախագահները ողջունել են, բարձր են գնահատել մեր այս պատրաստակամությունը, բայց հիմա մենք տեսնում ենք, որ հարցը շահարկվում է բացեիբաց ձևով, շատ դյուրին, կոռումպացված եղանակով»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբայանը։

Լեռնային Ղարաբաղի կառավարության խոսնակ Արտակ Բեգլարյանի խոսքերով՝ Ղարաբաղի ունեցած ենթակառուցվածքները միանգամայն թույլ են տալիս Սարսանգի ջուրը ադրբեջանական տարածքներ մղելու համար. այլ հարց է, որ երկխոսության նպատակով մեկնված ձեռքը օդում է մնում։

«Բայց որպեսզի ադրբեջանական կողմը իր գյուղացիների համար կարողանա օգտագործել, անհրաժեշտ է իրենց ենթակառուցվածքի վերանորոգությունը և իրենց ցանկությունը, կամքը, որ տվյալ ենթակառուցվածքը նաև մեզ համար օգտագործվի։ Որպես պաշտոնյա՝ հայտարարում եմ, որ Սարսանգը ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Այսօր էլ մենք այն օգտագործում ենք էներգետիկ նպատակներով, և եթե Ադրբեջանը պատրաստ չլինի առաջիկա տարիներին ևս մեզ հետ համագործակցելու, համատեղ օգտագործելու տվյալ ջրային ռեսուրսը, ապա Արցախի իշխանությունները հենց հիմա էլ պատրաստվում են և մտադրված են Սարսանգի ջուրը այլընտրանքային ուղիներով օգտագործել նաև ոռոգման համար»,- ասաց Բեգլարյանը։

XS
SM
MD
LG