Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան․ ԵԽԽՎ-ում այսօր ընդունված բանաձևն «ազդեցություն չի ունենա ղարաբաղյան կարգավորման վրա»


«Կարծում եմ, որ այսօր Արցախի հանրապետության ղեկավարությունը չպետք է ուշադրություն դարձնի այդ ստահոդ նյութերին», - հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարը:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ այսօր ընդունված բանաձևին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե այն ազդեցություն չի ունենա ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա․ - «Կարծում եմ, որ այսօր Արցախի հանրապետության ղեկավարությունը չպետք է ուշադրություն դարձնի այդ ստահոդ նյութերին: Պետք է շարունակի պատշաճ կերպով իրականացնել այն խնդիրները, որ իրականացնում է ընդհանուր առմամբ ջրային տնտեսության, ջրային քաղաքականության, հատկապես Սարսարգի շրջանակներում»:

Նախարարի խոսքով, Ադրբեջանում ստեղծված ֆինանսատնտեսական և քաղաքական բարդ իրավիճակը իր ազդեցությունն է ունեցել սահմանային լարվածության նվազեցման գործում․ - «Անկասկած ներքին իրավիճակը այս կամ այն կերպ ազդում է նաև արտաքին իրավիճակին, նաև շփման գծին: Մենք այդ խնդիրներին ուշադիր հետևում ենք․ գիտենք ինչքան հատկացումներ կան հատկապես պաշտպանության ոլորտում և չենք թերագնահատում նրանց ունեցած հնարավորությունները: Բայց, միևնույն ժամանակ, մեզ համար համապատասխան պլանավորում ենք իրականացնում»:

Ըստ Օհանյանի, հատկապես Ռուսաստանի հետ ռազմատեխնիական համագործակցության արդյունքում Հայաստանը շարունակում է հեռահար, գերճշգրիտ սպառազինության ձեռքբերումը: Նախարարը, սակայն, մանրամասներ չնշեց․ - «2013 թվականին ստորագրած համապատասխան պայմանագրի շրջանակներում ապահովում ենք զարգացում ժամանակակից համատեղելի սպառազինության և ռազմական տեխնիկայի, հեռահար և գերճշգրիտ միջոցների ձեռք բերման: Այդ ամեն նախատեսված պլանով իրականացվում է»:

Պաշտպանության նախարարը չհերքեց տեղեկությունը, որ Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նախորդ նիստի ընթացքում քննարկվել է նաև Սու-30 կործանիչների ձեռքբերման հնարավորությունը․ - «Ինչ վերաբերում է ավիացիային, ապա զինված ուժերի զարգացման պլանով մենք բոլոր զորատեսակների զարգացմանը և նոր միջոցների ձեռք բերմանը համաչափ տեղ ենք տալիս»:

XS
SM
MD
LG