Երեկ արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպն, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի երեկվա որոշմանը։
Փաշինյանը հիշեցրեց՝ Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններումպնդում էր, որ Լաչինի միջանցքը փակ չէ։
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը երեկ մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը և միաձայն մերժեց նույն պահանջով Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։
Հայաստանը միջազգային դատարանից պահանջում էր պարտավորեցնել Ադրբեջանին՝ բացել արդեն ավելի քան 2 ամիս փակված Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել գազի մատակարարումը։ Դատարանը բավարարեց Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Փաշինյանը խոսեց որոշման քաղաքական ազդեցությունից՝ շեշտելով՝ դատարանն արձանագրել է Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար, ըստ էության, լուրջ չհամարելով միջանցքն էկոակտիվիստների կողմից փակելու հանգամանքը և Ադրբեջանն, ըստ գործադիրի ղեկավարի, պետք է տեսանելի ջանքեր, միջացներ գործադրի Լաչինի միջանցքը բացելու համար։
«Ամենապրիմիտիվ քայլը կարող է լինել իշխանության բարձրագույն օղակից Լաչինի միջանցքը բացելու կոչ-պահանջ հնչեցնելը չակերտավոր էկակատիվիստներին, ամեն դեպքում Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունը Ադրբեջանի կողմից կարող է և պետք է հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների», - ասաց վարչապետը։
«Դատարանը հստակ արձանագրել է նաև Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը»
Փաշինյանի խոսքով՝ դատարանը հստակ արձանագրել է նաև Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և շփման գծի առկայության վերաբերյալ տրվել է միջազգային իրավական նշանակություն։
«Միևնույն ժամանակ դատարանն արձանագրեց, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով խաթարվել են սննդի, դեղամիջոցների, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղին, սահմանափակվել է էթնիկ հայերի հասանելիությունը մի շարք կենսական, բժշկական ծառայություններին, այսպիսով հաստատել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայության փաստը», - ասաց Փաշինյանը։
«Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն իրականացվում է լիարժեք»
Հայաստանը միջազգային դատարանից պահանջել էր նաև անհապաղ վերականգնել գազի մատակարարումը։ Ըստ Փաշինյանի, դատարանը համարել է, որ այս մասով Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ հենց Ադրբեջանն է Լեռնային Ղարաբաղում բնական գազի և հոսանքի մատակարարումների դադարեցումների մեղավորը։
«Նման վիճակի պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող խողովակի փականը գտնվում է Հայաստանի համար ոչ հասանելի տեղում, նույնը կարելի է ասել հոսանքի անջատման կետի մասին։ Այստեղ անհերքելի ապացույցներ իսկապես Հայաստանը չի կարողացել ներկայացնել, բայց սա նաև նշանակում է, որ այն պահին, երբ մենք կկարողանանք ձեռք բերել ուղղակի ապացույցներ, այդ հիմքով կկարողանանք նորից դիմել դատարան», - ասաց վարչապետը՝ նաև տեղեկացնելով՝ այս պահին Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն իրականացվում է լիարժեք։