Հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն Եվրամիության 100 դիտորդները՝ նպաստելու խաղաղությանն ու կայունությանը, երեկ Մյունխենում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Եվրամիության առաքելությունը Հայաստանի ամբողջ տարածքում դիտարկելու և տեղեկացնելու է իրավիճակի մասին՝ նպաստելով մարդկանց անվտանգությանն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը, վերջերս հայտարարել էր Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար Եվրամիությունը պետք է շարունակի աջակցությունը Հայաստանին և չսահմանափակվի միայն այս առաքելությամբ։
«Ի վերջո, չմոռանանք, որ Եվրամիությունը այս երկամյա դիտորդական առաքելության մասին որոշում է կայացրել Հայաստան-Ադրբեջան սահմանին որպես կայունության, այսպես ասենք, լումա, և այդ նույն Եվրամիությունը հնգամյա պայմանագիր ունի Ադրբեջանի հետ գազի մատակարարման կրկնապատկման, խոշոր ներդրումների և այլնի մասով: Եվ այստեղ շատ մեծ հարց է առաջանում, թե որ որոշումն է ավելի երկարաժամկետ և ավելի խորքային քաղաքական ներուժ պարունակող», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը:
Արդեն Հայաստանում են ԵԽԽՎ համազեկուցողները
Մինչ Եվրամիության դիտորդների ժամանումը, Հայաստանում են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողները։ Ըստ պաշտոնական հայտարարության՝ նրանք եկել են ծանոթանալու Լաչինի միջանցքի ճգնաժամին։
Եվրոպական պատվիրակության անդամներն այսօր այցելել են Ջերմուկ՝ ծանոթանալու ադրբեջանական վերջին հարձակման թիրախ դարձած քաղաքի խնդիրներին, վաղն էլ լինելու են Վարդենիսում, Գորիսում, որոնք ևս նախորդ տարվա ռազմական գործողությունների հիմնական ուղղություններից էին։
Եվրոպացի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին այսօր ներկայացվել են սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման հետևանքները, «Ազատությանն» ասաց Ջերմուկի փոխքաղաքապետը։
«Մասնակցում էին և՛ զինվորականներ, և՛ Ազգային ժողովի պատգամավորներ, կար և մարզպետը: Քննարկվեց ընդհանուր, մոնիթորինգ արվեց կարճատև, գնահատվեց իրավիճակն, էլի, իրենց աչքերով», - փոխանցեց Վարդան Սարգսյանը:
Ջերմուկի փոխքաղաքապետի խոսքով՝ համազեկուցողները զարմացած էին զբոսաշրջային քաղաքի հրետակոծության հետևանքներից. - «Ավելի շատ լռակյաց գնահատում են: Էմոցիաները տեսանելի են, որ իրենք էլ են զարմացած, բայց ուրիշ բաներ չեն քննարկվում, ուղղակի ծանոթանում են, էլի, հարցուփորձ են անում: [Զարմացած են], որ քաղաքը՝ խաղաղ, առողջարանային քաղաքը, միջազգային ուշադրության կենտրոնում քաղաքը հրետակոծվել է»:
Նախորդ տարվա սեպտեմբերի ադրբեջանական հարձակումը Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի ուղղությամբ էր։ Պաշտոնական Երևանը հայտարարել էր, որ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը։ Ջերմուկի փոխքաղաքապետի խոսքով՝ ադրբեջանցիները շարունակում են գտնվել քաղաքի մատույցներում։
«Ինչ դիրքավորվել են՝ դիրքավորվել են, էդպես էլ կա», - ասաց Սարգսյանը՝ հաստատելով, որ այդ մասին հայտնել են համազեկուցողներին. - «Իհարկե, նաև զինվորականներ են մասնակցում նման դեպքում, շատ հարցեր իրենք են ներկայացնում»:
Վարդան Սարգսյանը փոխանցեց՝ ԵԽԽՎ համազեկուցողներին պատմել են, որ սեպտեմբերյան հարձակումից հետո առողջարանային քաղաքը վերականգնել է ենթակառուցվածքները, սակայն զբոսաշրջիկների զգալի պակաս կա. - «Պակաս ենք զգում՝ համեմատած անցած տարվա, որովհետև նախկին մեկ-երկու տարին շատ ակտիվ էր քաղաքը, ակտիվանում էր գնալով, քաղաքը սեզոնայինից արդեն վերածվում էր շուրջտարյայի, էլի: Հիմա էլ գործում են հյուրանոցները, բոլորը դռները բաց են՝ հյուրերի են սպասում, պակասել են, բայց, կարելի է ասել, կոպիտ մի 50 տոկոսի չափով պակասել են»:
Փաստահավաք առաքելությամբ Երևանում գտնվող ԵԽԽՎ համազեկուցողները երեկ հանդիպել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Խորհրդարանի խոսնակն ընդգծել է համազեկուցողների՝ սահմանամերձ մարզեր այցելության և Հայաստանում հանգրվանած արցախցիների հետ հանդիպման անհրաժեշտությունը: Նաև մանրամասներ են ներկայացվել արդեն 69 օր ադրբեջանցիների կողմից փակված Լաչինի միջանցքի ճգնաժամի և դրա հետևանքների մասին: