Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն արձագանքել են Հաագայի դատարանի որոշումներին


Հայաստանի ԱԳՆ շենքը
Հայաստանի ԱԳՆ շենքը

Երևանը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցների կիրառման մասին միջնորդությունների վերաբերյալ որոշումները, ասված է Արտգործնախարարության հայտարարության մեջ։

«Հայաստանը ուշադիր հետևելու է իրավիճակին և Դատարանին կտեղեկացնի Ադրբեջանի կողմից ցանկացած խախտումների մասին, մինչ Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի շարունակվում է։

Կոչ ենք անում միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը», - շեշտել է ԱԳ նախարարությունը։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը և միաձայն մերժեց նույն պահանջով Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։

Հայաստանը միջազգային դատարանից պահանջում էր պարտավորեցնել Ադրբեջանին բացել արդեն ավելի քան 2 ամիս փակված Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել գազի մատակարարումը։

Բաքուն ևս հայտարարությամբ է հանդես եկել՝ որոշումն այսպես մեկնաբանելով. «Դատարանն իր վճռում ի գիտություն է ընդունել Ադրբեջանի հայտարարությունը, որ երկիրը ձեռնարկել և պարտավորվում է իր լիազորությունների շրջանակում շարունակել ձեռնարկել բոլոր միջոցները՝ Լաչինի ճանապարհով անվտանգ երթևեկությունն ապահովելու և 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պայմանները կատարելու համար»։

Դատարանը բավարարեց Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Հաագայի դատարանը միաձայն մերժեց միջանկյալ միջոց կիրառելու Ադրբեջանի դիմումը։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի դիմումին առնչվող որոշմանը՝ այդ երկրի արտգործնախարարությունը նաև հայտարարել է, որ նման կերպ «Հայաստանը պարտավոր է զերծ մնալ իրավիճակի սրումից՝ համաձայն դատարանի նախորդ՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման», ինչը Բաքուն ողջունում է։

ԱԳՆ-ն նշել է, որ դատարանի որոշումը՝ չվերանայել իր նախկին եզրակացությունը, որ Հայաստանի կողմից «ականների տեղակայումը» չի համապատասխանում ժամանակավոր միջոցի կիրառման հիմք լինելուն, ըստ էության հիմնավոր որոշում չէ, և Ադրբեջանը կշարունակի փորձել Հայաստանին պատասխանատվության ենթարկել։

XS
SM
MD
LG