Մատչելիության հղումներ

«Հիմի լավ է Զանգեզուրի միջանցք տա՞նք, թե Ռուբենին ասենք թող գնա, որտեղից եկել ես». իշխանական պատգամավոր


«Մինչև ամսի 23-ը պետք է Ռուբեն Վարդանյանը հրաժարական տա», - հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ առանց հստակեցնելու՝ որտեղից իրեն տեղեկությունը, թե Արցախի պետնախարարը առաջիկա օրերին թողնելու է պաշտոնը և թե ինչպես է կայացվել այդ որոշումը։

«Հիմա ես ասացի, որ ինֆորմացիա ունեմ, հո չեմ բացատրելու, թե որտեղից, ինչ ձևով», - նշեց Մելքոնյանը:

Իշխանական պատգամավորը, սակայն, չի թաքցնում՝ ճիշտ է համարում, որ Վարդանյանը հեռանա, թեկուզ և այդ կերպ կատարվելու է Ալիևի պահանջը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում, 18-ը փետրվարի, 2023թ.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում, 18-ը փետրվարի, 2023թ.

Անցած շաբաթ Մյունխենում վարչապետ Փաշինյանի ներկայությամբ Ալիևը նախապայման դրեց՝ պատրաստ է Ղարաբաղի հայերի հետ խոսել, բայց պայմանով, որ Ռուբեն Վարդանյանը հեռանա։

«Հիմա ասենք Ալիևը պահանջում է՝ «Զանգեզուրի միջանցքը տաք, նոր բացեմ», հիմա «Զանգեզուրի միջանցք» սարքենք տանք իրանց, լավ ա, թե՞ Ռուբեն վարդանյանին ասենք, Ռուբեն ջան, գնա որտեղից եկել ես: Իհարկե, եթե ամբողջ խնդիրը կապված է Ռուբենի այնտեղ չլինելուն, իհարկե, Ղարաբաղի իշխանությունները պետք է Ռուբենին ասեն, դու արի էս պաշտոնից դուրս արի», - ասաց պատգամավորը:

Գագիկ Մելքոնյանը կարծում է, որ Ռուբեն Վարդանյանի հեռացումը ոչ միայն կօգնի Լաչինի միջանցքի բացմանը, այլև կլուծի Արցախում իշխանության պառակտվածության հարցը. - «Ռուբեն Վարդանյանի այնտեղ գտնվելն էր, որ իշխանությունների մեջ տարաձայնություններ սկսվեց, խժդժություններ սկսվեց: Հարցրեք իրեն՝ ո՞վ էր Ձեզ գործուղել և ինչո՞ւ էիք եկել Ղարաբաղ, ինչո՞ւ պառակտում մտցրեցիք Ղարաբաղի իշխանությունների մեջ, իհարկե, ռուսներն էին ուղարկել, ո՞վ է ուղարկել»:

Իշխանական պատգամավորը վստահ է ՝ Ռուբեն Վարդանյանը անում էր այն, ինչ ռուսներն էին ասում, նրա համոզմամբ, նաև դա էր պատճառը, որ վերջին շրջանում լարվել էին Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունները և Վարդանյանի հեռանալով Արցախի ու Հայաստանի միջև խրված սեպը դուրս կգա։

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արխիվ
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արխիվ

«Իրա խնդիրը նաև Հայաստանի և Ղարաբաղի մեջ սեպ խրելն էր, մեր իշխանություններին ինչքան քննադատեց, սկսեց էդ գործողությունը կատարել, ու իրա գործն արեց, Հայաստանի ու Ղարաբաղի մեջ շատ բաներ արեց ինքը, որ մինչև հիմա էդ գնում ա դեռ, չի ավարտվել: Ռուբենի ավարտով նաև Հայաստանի և Արցախի միջև էդ սեպը դուրս կգա, որը ցանկալի է», - ընդգծեց Մելքոնյանը:

Ղարաբաղում, ըստ իշխանական պատգամավորի, երկիշխանություն էր ստեղծել ՝ Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի իշխանությունը։ Սակայն Արցախի նախագահի Մոսկվա կատարած այցից հետո իրավիճակը փոխվել է. - «Հարությունյանը, երբ որ գնաց Մոսկվա եկավ, հասկացավ, որ եթե ինչ-որ բան իր ձեռքից բաց թողնի, իր վերջն է գալու, նորից ստանձնեց կառավարումը»:

Շուրջ 3 ամիս պետնախարար աշխատած Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության շուրջ քննարկումները կրկին թափ ստացան Իլհամ Ալիևի ներկայացրած նախապայմանից հետո։ Կայացված քաղաքական որոշման մասին օրերս հայտարարեց նաև արցախցի ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը։ Վերջինս պնդել էր, որ նախագահ Արայիկ Հարությունյանը Ղարաբաղի Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին է առաջարկել պետնախարարի պաշտոնը:

«Տեղի է ունեցել սկզբից հանդիպում Գուրգեն Ներսիսյանի հետ, որի ընթացքում նա ինձ հայտնեց, որ որոշումն արդեն կայացված է, և Ռուբեն Վարդանյանը պետք է գնա: Թե Արայիկ Հարությունյանն առաջարկել է նրան պետնախարարի պաշտոնը», - ներկայացրել է Պետրոսյանը:

Գլխավոր դատախազին առաջարկվե՞լ է պետանախարարի պաշտոնը

Գլխավոր դատախազին առաջարկվե՞լ է պետանախարարի պաշտոնը և արդյո՞ք նա ընդունել է այդ առաջարկը։ Մեր այս հարցերին դեռ երեկվանից խոստացել են գրավոր պատասխանել Գլխավոր դատախազությունից, սակայն մինչ այս պահը արձագանք չունենք։ Մինչ այդ Գուրգեն Ներսիսյանը «Մեդիահաբի» հետ զրույցում հաստատել է՝ իրեն առաջարկվել է Պետնախարարի պաշտոնը, բայց ինքը դեռ որոշում չունի։

Արցախի գլխավոր դատախազ գուրգեն Ներսիսյանը և նախագահ Արայիկ Հարությունյանը, արխիվ
Արցախի գլխավոր դատախազ գուրգեն Ներսիսյանը և նախագահ Արայիկ Հարությունյանը, արխիվ

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վստահ է՝ ինքը՝ Ռուբեն Վարդանյանը հրաժարական չի տալու, և Արայիկ Հարությունյանը ստիպված պետք է նրան պաշտոնանկ անի։ Եթե Հարությունյանը գնաց այդ քայլին, կնշանակի՝ կատարում է Ալիևի պահանջը, ասում է ընդդիմադիր պատգամավորը։

Ըստ Հակոբյանի՝ Ռուբեն Վարդանյանը դեմ է, որ Բաքուն երկխոսի Արցախի հետ իբրև փոքրամասնության, ինչը չի բխում Ադրբեջանի շահերից. - «Պետնախարարը հայտարարել էր, որ ընդունելի չեն այդ ձևաչափով քննարկումները և ինքը դեմ է դրանց և Արցախը պիտի դիտվի ոչ թե օբյեկտ, այլ սուբյեկտ, որը կարող է հավասարը հավասարի հետ նստել բանակցային սեղանին: Հասկանալի է, որ Ադրբեջանի նպատակն ու ցանկությունը դա չի»:

Արցախցի ընդդիմադիր պատգամավորը վստահ է՝ եթե Արայիկ Հարությունյանը պաշտոնանկ անի Ռուբեն Վարդանյանին, ապա դա առաջացնելու է արցախցիների ցասումը։ Ինքը՝ Վարդանյանը և նրա թիմակիցները դեռևս չեն արձագանքում փետրվարի 23 -ին սպասվող պաշտոնանկության մասին լուրերին, ի դեպ, հենց այդ օրը նախագահ Արայիկ Հարությունը խոստացել է հանդես գալ ուղերձով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG