Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանն ընդունել է  նախագահին կից խորհրդատվական մարմին ստեղծելու «պահանջ-առաջարկը»


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի տարբեր շրջանների ներկայացուցիչներից կազմված՝ նախագահին կից խորհրդատվական մարմին ստեղծելու պահանջ-առաջարկը։ Այն պետք է ծառայի որպես երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկման հարթակ, ունենա խորհրդատվության, առաջարկություններ ներկայացնելու առանցքային ու ծանրակշիռ իրավունք, հայտարարել է Արցախի ղեկավարը։

«Պատրաստ եմ առաջիկայում սկսել այդ գաղափարի իրացման աշխատանքները», - նշել է Արայիկ Հարությունյանը:

Ըստ նրա՝ հանրության շրջանում ձևավորված դժգոհությունն ու միմյանց նկատմամբ անվստահության մթնոլորտը դեռևս շարունակում են պահպանվել, ինչը պարտադրում է իշխանություններին հավելյալ քայլեր ձեռնարկել։

«Մենք պետք է ընդունենք, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակում ԱՀ Սահմանադրության և օրենքների հիման վրա ստեղծված, ժողովրդաիշխանությունն արտահայտող պետական մարմինները ամբողջապես չեն արտացոլում հանրային տրամադրությունները, որոշ դեպքերում չունեն վստահության անհրաժեշտ չափ, ինչը մերօրյա անորոշությունների ու անընդհատ զարգացող իրադարձությունների պայմաններում հաճախ ծնում է օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժգոհության ալիքներ, հանգեցնում պոռթկումների, ներքին ցնցումների», - ընդգծել է Հարությունյանը, հայտնելով նաև, որ փետրվարի 23-ին հանդես է գալու ուղերձով, որի ընթացքում առավել մանրամասն կանդրադառնա Արցախի շուրջ ստեղծված ներքին ու արտաքին վտանգներին, խնդիրներին, անելիքներին ու հետագա քայլերին:

Օրեր առաջ նախագահ Հարությունյանի նախաձեռնությամբ օրակարգ եկավ Սահմանադրության փոփոխության հարցը, մասնավորապես եթե նախագահը հրաժարական տա, Ազգային ժողովի միջոցով հնարավոր լինի նորին ընտրել։

XS
SM
MD
LG