Փետրվարի 21-ը կարող է հատուկ նշանակություն ստանալ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում:
Այս շաբաթ լրանալու է դրա մեկնարկի առաջին տարին, վաղը Դաշնության խորհուրդը և Պետական դուման արտահերթ նիստեր են գումարելու, իսկ այսօր նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում հանդես է գալու գա ամենամյա ուղերձով, որը պետք է դեռ անցյալ տարի ընթերցեր, սակայն առաջին անգամ պատմության ընթացքում հետաձգել է:
Եվ հիմա համայն Ռուսաստանում թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր շրջանակները փորձում են կռահել, թե ինչի՞ մասին այսօր կխոսի նախագահը և ի՞նչ արտառոց բան կարող է պատահել վաղը խորհրդարանում:
Ռուսաստանցի քաղաքական գործիչ Դենիս Շենդերովիչի համոզմամբ, Պուտինը ոչ մի կերպ չի կարողանում խուսափել ինչ-որ խորդանշական արարներից: Նրա ելույթը կլինի ճիշտ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման նախօրեին: Այս պահին նա չի կարող հանրությանը զեկուցել հաղթանակների մասին, ուրեմն ստիպված կլինի ինչ-որ նվաճումներ նշել:
Ըստ Շենդերովիչի՝ ոչ շատ հավանական տարբերակներից մեկը Ռուսաստանի կազմ Հարավային Օսիայի և Աբխազիայի ընդունումն է, քանի որ այդ կազմավորումների ղեկավարներին հրավիրել են Մոսկվա:
Ակնհայտ է, որ ելույթի առանցքը կլինի պատերազմը, կամ, ինչպես Կրեմլն է որակում, «Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիան»: Պետական դումայում «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի տեղակալ Եվգենի Ռևենկոն հաստատում է, որ դա կլինի թեման: «Նախագահը մեր ընդհանուր լիդերն է, բոլորը նրա շուրջ են միավորվել: Բոլոր խնդիրները, որոնք նա դրել է, անվերապահորեն պետք է կատարվեն»,- ասել է Ռևենկոն:
Տնտեսական քաղաքականության հարցերով դումայի հանձնաժողովի փոխնախագահ Նադեժդա Շկոլկինան ցանկանում է, որ Պուտինն ուղերձում խոսի Դաշնության մաս կազմած նոր միավորների ինտեգրման մասին:
Պետական դումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտոպոլովի հավաստիացմամբ, իշխանությունները մտադիր չեն կայացնել այնպիսի արտառոց վճիռներ, որոնք կարող են մտահոգել հասարակությանը:
Գուցեև այսօր Պուտինը ոչ մի դարակազմիք բան չի անի, կխոսի հատուկ օպերացիայի մասին, կհավաստիացնի, որ Ռուսաստանը կհաղթի, կխոստանա հզորացնել տնտեսությունը և բարձրացնել կենսամակարդակը, և հետո էլ իշխանամետ լրատվամիջոցները կասեն. - «Տեսա՞ք, նա էլի անակնկալ քայլով բոլորին հաղթեց, մարդիկ մի բարդ բան էին սպասում, իսկ Պուտինն ընդամենը հանգիստ ու գործնական խոսեց ընթացիկ հարցերի մասին»:
Եվ այնուամենայնիվ, եթե կարևոր հայտարարություն արվի, ինչի՞ մասին այն կլինի: Ուկրաինացի վերլուծաբան Միխայիլ Շեյտելմանն, ընդգծելով, որ այս պահին խոսում է սոսկ տեսականորեն հնարավոր քայլերի մասին, «Ազատության» ռուսական ծառայության հետ զրույցում ասել է, որ նախագահը կարող է երեք հնարավոր հրահանգ արձակել։
«Օրինակ, կարելի է արձակել ռազմական դրություն մտցնելու և սահմանները փակելու հրամանագիր, երկրորդը՝ տնտեսական ասպարեզում ռազմական վիճակ հայտարարելու մասին, որը կենթադրի տնտեսության մոբիլիզացում և, վերջապես երրորդը՝ զորակոչի երկրորդ ալիքի մասին, հայտարարել համընդհանուր զորակոչ»,- ասել է վերլուծաբանը:
Թե Պուտինը նշված քայլերից որ մեկին կդիմի, կամ արդյոք որևէ կտրուկ քայլի կդիմի՝ կիմանանք առաջիկա ժամերին: