Մատչելիության հղումներ

Բայդենն անակնկալ այցով ժամանել էր Կիև


ԱՄՆ նախագահն այսօր նախապես չհայտարարված կարճատև այցով ժամանել էր Կիև։

Ու թեև այդ ժամանակ էլ Կիևում օդային տագնապի ազդնաշաններ էին հնչում, բայց, չնայած վտանգներին, Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղեկցությամբ այցելեց Ուկրաինայի պաշտպանների հուշահամալիր։

Ապա հայտարարեց Ուկրաինային նոր ռազմական օգնության մասին. - «Միացյալ Նահանգները առաջիկայում Ուկրաինային ևս 500 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի, որն իր մեջ կներառի հրետանային միջոցներ, ՀՕՊ ռադարներ և Himars համակարգեր»։

Պատերազմի տարելիցի նախօրեին Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ Բայդենը կրկին վերահաստատեց, որ Վաշինգտոնը կօգնի Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ կլինի հաղթանակի համար. - «Միացյալ Նահանգները Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոսներ գտնվող պետությունների կոալիցիա է ձևավորել, որպեսզի պաշտպանի Ուկրաինան ռազմական, տնտեսական և մարդասիրական օգնության միջոցով»։

Անցած ամիս ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնել են Ուկրաինային տրամադրել գերժամանակակից տանկեր։ Այսօր Զելենսկին, շնորհակալություն հայտնելով Արևմուտքի աննախադեպ աջակցության համար, հայտարարեց Կիևի նոր ակնկալիքների մասին. - «Խոսեցինք հեռահար սպառազինության և այն զինատեսակների մասին, որոնք դեռ կարող են մատակարարվել Ուկրաինային, թեև նախկինում այն չէր մատակարարվում։ Պարոն նախագահ, ես գիտեմ, որ Ուկրաինային պաշտպանական աջակցության հզոր փաթեթ է սպասվում։ Եվ հենց հիմա, նման կարևոր փաթեթը Ճիշտ ազդանշան է Ռուսաստանին»։

Մինչև Բայդենի այցը Կիև, Միացյալ Նահանգների իշխանությունները կապ էին հաստատել Ռուսաստանի հետ՝ Մոսկվայի հետ հնարավոր կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու համար, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով Սպիտակ տունը։

Նախագահի աշխատակազմը մանրամասներ չի նշել՝ ասելով միայն, որ այդպիսով ԱՄՆ-ը ցանկանում է «խուսափել սխալ հաշվարկներից, որոնք կարող են հանգեցնել երկու միջուկային տերությունների ուղիղ հակամարտությանը»։

Ավելի ուշ Սպիտակ տունը հաստատել է այս տեղեկությունը։ «Մենք ռուսական կողմին տեղեկացրել ենք, որ նախագահ Բայդենը մեկնում է Կիև։ Մենք դա արեցինք նրա ուղևորությունից մի քանի ժամ առաջ, որպեսզի կանխենք կոնֆլիկտային իրավիճակները», - Washington Post-ին ասել է Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Ու մինչ Միացյալ Նահանգների նախագահը մի քանի ժամով պատերազմող Ուկարինայի մայրաքաղաք էր այցելել, ռուսական ուժերը փորձում են գրավել Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքը։

Ուկրաինայի համար կարևոր է պաշտպանել Բախմուտը, սակայն ուկրաինական բանակը կպայքարի ճակատի այս հատվածում այնքան ժամանակ, քանի դեռ դա ողջամիտ է։

Իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նախագահ Զելենսկին ընդգծել է, որ ուկրաինական ուժերը խելամիտ չեն համարում պաշտպանել քաղաքն ամեն գնով։

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ վարչակազմը Կիևին խորհուրդ է տալիս մեծ ուժեր չծախսել Բախմուտը պահելու վրա և կենտրոնանալ ռազմաճակատի այլ հատվածներում հակահարձակման վրա։ Bloomberg-ը փետրվարի սկզբին մեջբերել էր ամերիկացի պաշտոնյայի խոսքերն առ այն, որ Ուկրաինան կարող է շուտով ստիպված լինել դուրս բերել իր զորքերը Բախմուտից:

Զելենսկին հավաստիացրել է, որ անկախ Բախմուտի շուրջ զարգացումներից, Ուկրաինան առաջիկայում կսկսի իր հակահարձակումը։

Երբ է սկսվելու ուկրաինական հայտարարված հակահարձակումը, դեռ պարզ չէ։ Դա կախված է նաև, թե երբ Ուկրաինա կհասնեն արևմտյան նոր գերժամանակակից տանկերը։ Մինչ այդ ռուսները Դոնեցկի մարզում հարձակվում եմ մի քանի ուղղությամբ ՝ Ուգլեդարի, Կրեմեննայայի և Բախմուտի շրջաններում։

Բրիտանական հետախուզություն հայտնում է, որ Ռուսաստանը կարող է Բախմուտի գրավման մասին հայտարարել մինչև փետրվարի 24-ը՝ անկախ այն բանից կվերահսկեն մինչ այդ ռուսական ուժերը քաղաքն ամբողջությամբ, թե ոչ։

Առաջիկա շաբաթները «շատ որոշիչ» են լինելու Ուկրաինայի համար, Bloomberg-ի հետ զրույցում ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Հարցին, թե, իր կարծիքով, երբ կարող է ավարտվել Մոսկվայի և Կիևի միջև պատերազմը, նախարարն պատասխանել է, թե բարդ է այս հարցում ենթադրություններ անելը՝ հավելելով․ - «Չգիտեմ։ Դա կարող է տևել առնվազն երկու կամ երեք տարի, ինչը, հուսով եմ, չի լինի։ Կամ կարող է ավարտվել մոտակա ամիսներին»։

Պիստորիուսը միաժամանակ կրկին շեշտել է, որ Գերմանիան կօգնի Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է։

Նախարարի խոսքով, Կիևի դաշնակիցների գլխավոր խնդիրը կլինի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ապահովումը, և անհրաժեշտ է առաջիկա երեք ամսում հասնել հուսալի հակաօդային պաշտպանության ստեղծմանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG