Այս չորեքշաբթի օրը՝ փետրվարի 15-ին, Եվրոպական միությունը քննարկելու է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների թվով արդեն տասներորդ փաթեթը:
Դրանում Ռուսաստանի էներգետիկայի համակարգը ներառված չէ: Ենթադրվում է, որ թիրախում կլինեն ռուսական չորս դրամատներ, այդ թվում՝ «Ալֆա-Բանկ»-ը, և մոտ 130 ֆիզիկական ու իրավաբանական անձ, ներառյալ՝ պետական պաշտոնյաներ, զինծառայողներ ու լրագրողներ:
Politico պարբերականի փոխանցմամբ, Եվրոպական միությունը կարգելի բեռնատարների, շինարարական ծանր տեխնիկայի և էլեկտրոնային սարքերի բաղադրիչների վաճառքն ու փոխանցումը Ռուսաստանին:
«Սև ցուցակում» կհայտնվեն նաև այլ երկրների ընկերություններ և ֆիզիկական անձինք, որոնք ինչ-որ եղանակով նպաստում են Ուկրաինայում ռուսների վարած պատերազմին կամ առնչություն ունեն «Վագներ» մասնավոր ռազմական կառույցի հետ:
Politico-ի աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը Մալիում և Իրանում գործող ֆիզիկական ու իրավաբանական անձանց մասին է:
Պատժամիջոցների կենթարկվի նաև Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայում գրանցված մի ընկերություն, որը ծովով բեռնափոխադրումներ է իրականացնում և, ըստ եվրոպացի փորձագետների, շրջանցում է Ռուսաստանի նկատմամբ սահմանված սանկցիաները:
Ենթադրվում է, որ այդ ընկերությունը գնել է մի քանի ռուսական նավթակիր տանկերներ, որոնք ավելի վաղ Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցներով այլևս չէին կարող նավթ փոխադրել: Սեփականատիրոջ փոփոխության պարագայում դրանք նորից ստացել են ռուսական նավթ փոխադրելու հնարավորություն, ինչն արել են Կիպրոսի դրոշի ներքո:
Թե կոնկրետ որ ընկերությունն է դա արել՝ Politico-ն չի հայտնում, բայց նշում է, որ Եվրամիության անդամ որոշ երկրներ, որոնք եկամուտ են ստանում նավթի փոխադրման բիզնեսից, օրինակ՝ Կիպրոսը, կարող են առարկությունններ ներկայացնել:
Եվրոպացիները նաև կարգելեն Ռուսաստանում արտադրված կաուչուկի և բիտումի ներմուծումը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ տասներորդ փաթեթով պետք է փակվեն այս սողանցքները, որոնց միջոցով ռուսները կարողացել են մեղմել կամ շրջանցել սանկցիաները: Նրա խոսքով՝ այդ նոր փաթեթի հետևանքով Ռուսաստանի էքսպորտը մոտ 10 միլիարդ եվրո կկորցնի:
Անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին Եվրամիությունը հաստատել է իններորդ փաթեթը, որով ի շարս այլ սահմանափակումների Եվրամիության տարածքում արգելվել է НТВ, НТВ Мир, "Россия-1", РЕН ТВ և Ռուսաստանի Առաջին ալիք հեռուստակայանների հեռարձակումը:
Եվրամիության քաղաքացիներին արգելվել է ղեկավար բարձր պաշտոն զբաղեցնել Ռուսաստանին պատկանող կամ ենթարկվող կազմակերպություններում: Բացի այդ, արգելվել է նոր ներդրումներ անել Ռուսաստանի էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտներում:
Ռուսական ամենախոշոր մասնավոր դրամատունը՝ «Ալֆա-Բանկ»-ը, 2022-ի ապրիլին հայտնվել է ամերիկացիների կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում: Դա ենթադրում է «Ալֆա-Բանկ»-ի բոլոր ակտիվների և գործարքների սառեցում: Ավելի ուշ Ճապոնիան էլ է միացել այդ սանկցիային:
Ըստ Politico պարբերականի, Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները հիմա իրենց կառավարություններին տեղեկություններ են փոխանցում Եվրոպական հանձնաժողովի առաջարկի մասին և ստանալով պատասխանները՝ դրանք կքննարկեն փետրվարի 15-ին:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակի փոխանցմամբ՝ տասներորդ փաթեթի հաստատումը հավանաբար տեղի կունենա հաջորդ շաբաթվա ընթացքում, մինչև ռուս - ուկրաինական պատերազմի առաջին տարելիցը՝ փետրվարի 24-ը: