Մատչելիության հղումներ

Բրյուսելում քննարկվելու է Ուկրաինային ժամանակակից F-16 մարտական կործանիչներ տրամադրել է հարցը. Financial Times


Բրյուսել է ժամանել Ուկրաինայի պաշտպանության նախարարը՝ մասնակցելու Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպմանը։ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան ժամանելուն պես Ալեքսի Ռեզնիկովը լրագրողներին ցույց է տվել իր թաշկինակի վրա տպված կործանիչի նկարը՝ թափանցիկ ակնարկելով դաշինքից Կիևի ակնկալիքների մասին։

Financial Times-ի փոխանցմամբ, Բրյուսելյան հանդիպմանը իսկապես քննարկվելու է Ուկրաինային ժամանակակից F-16 մարտական կործանիչներ տրամադրելու հարցը։

Թերթը, հղում անելով իր ամերիկյան աղբյուրներին, գրում է, որ Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային փոխանցել F-16 կործանիչներ կամ թույլտվություն տալ դրանց վերաարտահանման համար։

Պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այսօր հայտարարել է, թե ռուսները չեն ուզում գնալ խաղաղության, հետևաբար Արևմուտքը պետք է շարունակի աջակցել Ուկրաինային. - «Հաջորդ շաբաթ կլրանա Ուկրաինայում սարսափելի պատերազմի առաջին տարին, և մենք որևէ նշան չենք տեսնում, թե նախագահ Պուտինը պատրաստվում է խաղաղության: Նա պատրաստվում է ավելի մեծ պատերազմի և նոր հարձակումների, ուստի ավելի կարևոր է դառնում ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների կողմից Ուկրաինային ավելի մեծ աջակցություն ցուցաբերելը»:

Միացյալ Նահանգները և դաշնակիցները կօգնեն ուկրաինացիներին գարնանը անցնել հակահարձակման, այսօր Բրյուսելում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը. - «Աշխարհի բոլոր երկրները շարունակում են ակտիվացնել ջանքերը։ Մենք աջակցելու ենք Ուկրաինային նրա պայքարում։ Մենք կօգնենք Ուկրաինային հակահարձակում սկսել գարնանը»։

Օսթինն այսօր հավաստիացրել է, որ Ուկրաինայի դաշնակիցները կանեն անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան ստանա այն ամբողջ օգնությունը, որը նրան խոստացվել է։

Անցած ամիս ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնել են Կիևին տրամադրել գերարդիական տանկեր։ Ուկրաինական կողմը, սակայն, պնդում է, որ սա բավարար չէ ռուսներին հաղթելու համար։ Դոնեցկի ճակատում կռվող ուկրաինացի հրամանատարի խոսքով. - «Ռուսներին հնարավորինս շուտ հաղթելու համար մեզ անհրաժեշտ են կործանիչներ, հրթիռներ, որպեսզի ուկրաինացի զինծառայողները չզոհվեն, ինչպես դա տեղի է ունենում հիմա»։

Արևմտյան գերժամանակակից տանկերը Ուկրաինա դեռ չեն հասել, իսկ ռուսական զորքը, չնայած Դոնեկցկի մարզի Ուգլեդար քաղաքի մոտ կրած լուրջ կորուստներին, հարձակվում է միանգամից մի քանի ուղղություններով, այդ թվում՝ Բախմուտի մոտ, ու առաջ է գնում։ Բրիտանական հետախուզության տվյալներով, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկաններին հաջողվել է գրավել Բախմուտից յոթ կիլոմետր հեռու գտնվող Կրասնայա Գորա գյուղը։

Ռուսական զորքերը փորձում են առաջանալ նաև Լուգանսկի մարզի Կրեմեննայա-Սվատովո շրջանում։ Սակայն՝ դեռ առանց լուրջ հաջողությունների։

Արևմուտքը մինչդեռ ակնկալում է, որ աննախադեպ օգնությունը ստանալուց հետո ուկրաինական բանակը լուրջ հաջողությունների կհասնի ռազմաճակատում արդեն գարնանը։ Washington Post-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը նախազգուշացրել է Ուկրաինայի իշխանություններին, որ եկել է վճռական պահը։

Ջո Բայդենի վարչակազմն այժմ աշխատում է Կոնգրեսի հետ Ուկրաինային 10 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու ուղղությամբ: Ենթադրվում է, որ օգնության նոր փաթեթի մասին կհայտարարվի ռուսական ներխուժման տարելիցի օրը՝ փետրվարի 24-ին, ընդ որում՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հետ միասին։

Միացյալ Նահանգների իշխանությունները հայտարարում են, թե պատրաստ են հնարավորինս երկար աջակցել Ուկրաինային, միաժամանակ զգուշացնում են, որ մինչև ամառ Կիևը կսպառի ամերիկյան օգնության ներկայիս փաթեթը, ինչից հետո դժվար կլինի շարունակել նույն աննախադեպ չափերի աջակցությունը։

Գարնանը Ուկրաինան պետք է լուրջ հաջողություններ ունենա ճակատում բանակցային գործընթացը ռուսների հետ վերսկսելու համար։ Հեղինակավոր թերթի տվյալներով, հենց այս տրամաբանության շրջանակներում է Բայդենի վարչակազմը բանակցում Կիևի հետ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG