Մատչելիության հղումներ

«Կրակը 15-20 րոպե անց է հասել զինվորների ննջարան»․ փաստաբանը մանրամասներ է ներկայացրել սպայի ցուցմունքից


Կրակը ոչ թե անմիջապես, այլ 15-20 րոպե անց է հասել զինվորների ննջարան, քննիչներին պատմել է Եղիշե Հակոբյանը՝ ինժեներասակրավորային վաշտի սպան, որ, ըստ պաշտոնական վարկածի, Ազատ գյուղի զինվորական կացարանում վառարանի կրակի վրա բենզին է լցրել։

Սպան առաջին անգամ է ցուցմունք տվել, նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանի փոխանցմամբ, մանրամասն դետալային պատմել է այն, ինչ գիտի, սպայի համար էլ նույն հարցն է հանելուկային՝ ինչո՞ւ տղաները դուրս չեն եկել ննջարանից, դուռը, ըստ սպայի, փակ չի եղել:

«Ասում է՝ մի կողմից ցավերից էի գոռում, մյուս կողմից գոռում էի՝ վե՛ր կացեք, հելե՛ք, պաժառ ա, դո՛ւրս եկեք»։ Այսինքն՝ ինքը մտածում է դուրս գան, օգնեն, մի բան անեն», - ասաց Հովսեփ Սարգսյանը։

Կապիտանը պատմել է՝ հունվարի 19-ին, ողբերգության օրը, վաշտի տղաները հոգնած են եղել, ծանր աշխատանք են կատարել, երեկոյան 10։30-ին պիտի պառկած լինեին, բայց, ասել է, ելումուտ կար։

«Ուր են գնացել, ինչ են արել, ինչով են զբաղվել, ասում է՝ ես տեղեկություն չունեմ», - ասաց փաստաբանը։

Սպան ինքն էլ 3 անգամ ներսուդուրս է արել։ Վերջին անգամ, երբ կացարան է մտել, ըստ իր ցուցմունքի, կարծել է, որ վառանի կրակը հանգել է, բենզինի տարան է բերել ու իր ասելով՝ սուրճի բաժակի չափով լցրել վառարանի փայտի վրա։

«Կռացել առաջ է եկել։ Ասում է՝ միանգամից բոցը տվեց երեսիս, ես վառվեցի։ Ասում է՝ կպավ նաև կանիստրը», - ասաց Սարգսյանը։

Իսկ բենզինի տարան, սպայի պատմելով, գետնին՝ վառարանի առջև է դրել, հետո այն բռնկվել է ու այդ ժամանակ, ըստ Հակոբյանի, ինքը տարան ոչ թե զինվորների ննջարանի ուղղությամբ է նետել,ինչպես դեպքից ժամեր անց հայտնում էին իրավապահները, այլ դեպի դուրս։

Եղիշե Հակոբյանը քննիչներին պատմել է, որ դեմքը, ձեռքերը ամբողջությամբ այրված են եղել, ինքն անմարդկային ձայներ է հանել, օրվա հերթապահը, որ դրսում էր՝ Լյովա Խառատյանը, զինվորների ննջարան է մտել, գոռացել՝ արթնացե՛ք, հրդեհ է, ըստ սպայի, անօգուտ, ննջարանից միայն երկու զինծառայող է կարողացել դուրս գալ այն էլ վանդակաճաղերի արանքից։ Սպան պատմել է՝ մեկ հոգու էլ են փորձել դուրս քաշել պատուհանից։

«Երրոդի մայկայից, ասում է, ես էի բռնել, ասում է՝ չկարողացա քաշել, պոկվեց մայկան, հետ գնաց էլ ինքն առաջ չեկավ», - ասաց փաստաբանը։

Ողբերգական այս հրդեհի հետևանքով 15 զինծառայող մահացավ, մեղադրյալներն այս պահին 4-ն են` վտանգավոր նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու մեջ մեղադրվող կապիտանից բացի հակահրդեհային միջոցների պատասխանատու երեք զինվորականներ։

Զոհված զինվորների հարազատներն ու նրանց փաստաբան Նորայր Նորիկյանը նույնպես բազմաթիվ հարցեր ունեն, չեն վստահում պաշտոնական վարկածին, դարձյալ նույն հարցն են առաջադրում` տղաներն ինչո՞ւ չեն փախել վառվող տնից, ենթադրում են՝ կա՛մ արդեն մահացած են եղել, կա՛մ անգիտակից:

Այս պնդումները որևէ աղերս չունեն փաստական տվյալների հետ, երեկ երեկոյան այսպիսի հայտարարություն տարածեց Քննչական կոմիտեն՝ շեշտելով կապիտան Հակոբյանը ևս իր ցուցմունքում հաստատել է պաշտոնական վարկածը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG