Կապիտան Եղիշե Հակոբյանը ցուցմունք կտա հենց նրա առողջական, հոգեբանական վիճակը բարելավվի, ասում է Ազատի զինվորական կացարանի ողբերգական հրդեհի մեղադրյալներից Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
«Իրեն հայտնի բոլոր հանգամանքների վերաբերյալ Եղիշե Հակոբյանը ցուցմունք կտա, ինչը արձանագրվել է նաև քննիչի կողմից երեկ կազմված արձանագրությունում», - ասաց Սարգսյանը:
Փաստաբանը երեկ է տեսակցել իր պաշտպանյալի հետ. 28-ամյա Հակոբյանն Այրվածքաբանական կենտրոնում է՝ դեմքի, ձեռքերի, ոտքի այրվածքներով: Նրան եկող շաբաթ պետք է վիրահատեն՝ մաշկի փոխպատվաստում անեն:
«Ձեռքերն ամբողջությամբ վիրակապված են, դեմքը, հազիվ աչքերն են երևում: Մի կերպ պառկած է, մի կերպ կարողանում է խոսել», - ներկայացրեց փաստաբանը:
15 զինծառայողի կյանք խլած հրդեհի պաշտոնական վարկածով գլխավոր գործող անձը հենց կապիտան Հակոբյանն է։ Նա է բենզինով լի 5 լիտրանոց տարան վերցրել ու փորձել դրանով թեժացնել վառարանի կրակը։ Հրդեհը տարածվել է դեպի զինվորների ննջարան, որտեղ էլ քնած մահացել են 15 զինծառայողներ։ Կապիտան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով։ Մեղադրանքն ընդունում է, թե՝ ոչ, այս մասին նա կխոսի, երբ ցուցմունք տա։
«Նկատի ունենալով, որ անձը գտնվում է բուժհաստատությունում և բուժօգնություն է ստանում, նրա խափանման միջոցի հարցը դեռևս չի քննարկվում», - ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը:
Ազատի հրդեհի գործով Հակոբյանից բացի ևս երկու զինվորականների է մեղադրանք առաջադրվել՝ պաշտոնեական անփութության համար։ Ըստ իրավապահների, նրանք զինվորական կացարանը չէին ապահովել հրդեհից պաշտպանվելու միջոցներով։ Երկու մեղադրյալներն էլ այժմ կալանավորված են։
Եղիշե Հակոբյանի փաստաբանն արդեն ծանոթացել է հասանելի դատավարական փաստաթղթերին, քննչական մարմինների, դատախազական հսկողության հետ կապված որևէ վերապահում չունի, ասում է՝ 20 հոգանոց քննչական խումբը դինամիկ աշխատում է. - «Վարույթն իրականացնող մարմինն ունի բազմաթիվ աշխատանքային վարկածներ, իմ գնահատմամբ, և այդ վարկածները ստուգման փուլում են»:
Փաստաբանը հիշեցնում է՝ Հակոբյանի դեպքում խոսքը անզգույշ մեղքի մասին է, մեղադրանքն, ըստ նրա խիստ, նախնական է, շեշտում է՝ պետք է սպասել դատաբժշկական, գենետիկական, նաև թմրաբանական փորձաքննությունների ավարտին։
Հովսեփ Սարգսյանը խնդրահարույց է համարում զինվորների քնած մնալու հանգամանքը. - «Պետք է պարզել՝ ի վերջո մարդն ինչի՞ց է մահացել: Եթե մեր համար տեսանելի է, որ հրդեհ է տեղի ունեցել, հրդեհի արդյունքում այրված մարմիններ կան, մենք չենք կարող միանշանակ ասել, որ հենց մահվան պատճառը դա կարող է լինել»:
Զոհված զինծառայողների ծնողները նույնպես իրենց տղաների չարթնանալը հանելուկային են համարում, չեն հավատում պաշտոնական վարկածին, և նրանց կասկածներն ավելի խորացան, երբ դեպքի վայրում տեսան, թե աղետալի իրադարձություններն ինչ պայմաններում են զարգացել:
«Ես քացով կխփեմ, էդ ռեշոտկեն կպոկվի, կընկնի, ո՞նց կարող ա 15 գիգանտ երեխա չկարողանան էս փլցնեն», - ասաց ծնողներից մեկը:
Ծնողներն այժմ օբյեկտիվ քննություն են պահանջում, որպեսզի բացահայտվեն այս գործի բոլոր հանգամանքները, հրդեհին նախորդած բոլոր մութ պատմությունները։ Եղիշե Հակոբյանի փաստաբանը շեշտում է՝ իր պաշտպանյալի շահերը համընկնում են՝ նա էլ է ուզում, որ պարզվի ամեն բան: