Պաշտպանության նախարարի մասնակցությամբ այսօր խորհրդարանում անցկացված փակ քննարկման շուրջ ընդդիմության և իշխանության եզրահանգումները տարբերվում էին միմյանցից։ Ըստ իշխանության՝ ընդդիմությունը բավարարված է եղել այդ հանդիպումից, ընդդիմությունը հակադարձում է ՝ Սուրեն Պապիկյանի բացատրությունները իրենց չեն գոհացրել։
Զինված ուժերում ստեղծված իրավիճակի շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ նախարարը թվերով մանրամասն ներկայացրել է, թե առաջնագծում մինչ օրս կոնկրետ ինչ աշխատանք է կատարվել։
«Ծավալն այնքան մեծ է, որ ակնկալել, որ վաղը կունենանք էն, ինչ-որ ունենք առանձին հատվածներում այդպես չի, դա ընթացք է, և այդ ընթացքը գնալով պետք է թափ ստանա և ստանում է», - ասաց Քոչարյանը:
«Ազատության» հարցին՝ «դեռևս ունե՞նք խնդրահարույց զորամասեր», Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. - «Իհարկե, ունենք: Այսօր էլ այդ մասին խոսվեց»:
Իսկ թե քննարկումներ ունեցա՞ն հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ, Պաշտպանության հանձնաժողովի նախագահն արձագանքեց. «Ոչ, այդ քննարկումները չունեցանք, մենք քննարկում ունեցանք, թե ինչպիսի այդպիսի վտանգավոր օջախներ կան և ոնց պետք է դա հաղթահարել»:
Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց՝ Սուրեն Պապիկյանի հետ ընդդիմադիրների քննարկումը անցել է համերաշխ և կառուցողական մթնոլորտում. - «Նախարարը կարողացավ, հնարավորություն ունեցավ ծրագրային ամբողջ փաթեթը ներկայացնի, և ընդդիմությունը եթե բավարարված է, իսկ ես հարցերի բովանդակությունից հասկացա, որ եթե իրենց մոտ էլ հարցերը սպառվեցին, նշանակում է, որ հարցերի ներկայացումն իրենց բավարարել է»:
Փակ քննարկմանը որպես հիմնական զեկուցող հանդես եկած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Պապիկյանի հետ հանդիպումը աննախադեպ է համարում, նշելով, որ խորհրդարանի 2 տարվա գործունեության ընթացքում առաջին անգամ է, որ Պաշտպանության նախարարը, թեկուզ փակ նիստում, որպես համազեկուցող ներկայացնում է զինված ուժերում ստեղծված իրավիճակը։ Պապիկյանի բացատրությունները, սակայն, Մանուկյանին չեն բավարարել։
«Չի կարող որևէ մեկը բավարարվել. այն, ինչ որ կատարվում է մեր զինված ուժերում, քանի այս վիճակն է, չի կարող մեկը բավարարվել այս իրավիճակով, քանի նման աննախադեպ դժբախտ դեպք են ունեցել՝ Ազատ գյուղում տեղի ունեցած հրդեհը: Իսկ Ազատ գյուղում այդ վաշտը տեղակայվել է 44-օրյա պատերազմից շուրջ մեկ ամիս հետո: Այսինքն՝ 2,5 տարին ժամանակ էր, որպեսզի զինվորներն ունենային բարվոք կացարաններ և ոչ թե հրդեհից հետո իշխանությունը փորձեր առաջին հերթին զբաղվեր սեփական PR-ով», - ընդգծեց Մանուկյանը:
Հարցին՝ դա ասե՞լ է նախարարին, քանի որ «Անդրանիկ Քոչարյանն ասում էր՝ 15 զինծառայողների մահվան դեպքին անդրադարձ չեք կատարել», ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Շատ կարճ կատարել ենք»:
Արդյո՞ք ընդդիմությունը պաշտպանության նախարարի հրաժարականի հարց փակ նիստում բարձրացրել է, Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պնդմամբ՝ ոչ. -«Բայց ինչի՞ հնչվեր, նախարարը որևէ բաց հարց չի թողել, ի՞նչ հրաժարական, ասենք, հրաժարականներով գնացինք, ո՞ւր ենք գնում»:
«Իրականում ասեմ՝ Անդրանիկ Քոչարյանը լավ չի հասկացել իմ զեկույցի եզրափակիչ մասը: Զեկույցի եզրափակիչ մասը եղել է շատ հստակ՝ նոր ռազմաքաղաքական իշխանություն, նոր պաշտպանական դոկտրին, շատ կարճ է: Մի քիչ տարօրինակ կլինի, եթե Գեղամ Մանուկյանը հելնի Սուրեն Պապիկյանի հրաժարականը պահանջի, որովհետև մեր ամենօրյա աշխատանքը կառավարության հեռացումն է՝ Նիկոլ Փաշինյանը գլխավորությամբ», - ընդգծեց Գեղամ Մանուկյանը:
«Ազատության» հարցին՝ «տեսնո՞ւմ եք նախարարի հեռացման անհրաժեշտություն և նրա հեռացմամբ որևէ հարց կլուծվի՞», նա պատասխանեց. - «Ես տեսնում եմ նման կարիք Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հեռացման, կենսական անհրաժեշտության»:
Չնայած զինված ուժերում ստեղծված իրավիճակի շուրջ Պաշտպանության նախարարի այսօրվա պարզաբանումներին հանրությունն այդպես էլ ծանոթանալու հնարավորություն չունեցավ, Պաշտպանության հանձնաժողովի նախագահը կարծում է, որ նման հարցերի քննարկման փակ ֆորմատը ավելի արդյունավետ է և ոչ ոք չի փորձում հանրության աչքին ավելի լավը երևալ։
«Բացի դեպքում բոլորն ուզում են ինչ-որ ձև ցույց տալ հանրությանը, որ՝ «մենք ամենկռուտոյ տղերքն ենք», տենց չի լինի», - նշեց Քոչարյանը:
«Անդրանիկ Քոչարյանը իրեն ինչպե՞ս զգաց, երբ որ Ազգային ժողովի ամբիոնից ցույց տվեցի իր լուսանկարը Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի, երբ հանդերձանքը դրած է գետնին 40-ականների կարմիր աստղով, սաղավարտն էլ ոտքերի տակ, դրանից հետո ավելի լավ էր չխոսեր Անդրանիկ Քոչարյանը», - ասաց Մանուկյանը:
Ընդդիմության նախաձեռնած հրատապ քննարկման ժամանակ Սուրեն Պապիկյանն անդրադարձել է նաև սպառազինության հարցերին, որոնց վերաբերյալ մանրամասներ իշխանական և ընդդիմադիր պատգամավորները հրաժարվեցին փակագծեր բացել։
Լրագրողները պաշտպանության նախարարին հարցեր ուղղելու հնարավորություն չունեցան, Պապիկյանը աննկատ հեռացել էր նիստերի դահլիճից։