Մատչելիության հղումներ

Հայաստանը պետք է նոյեմբերի 9-ի փաստաթղթի կենսագործունեության, դրա կատարման մասին բանակցի. Գեղամ Մանուկյան


Հայաստանը պետք է նոյեմբերի 9-ի փաստաթղթի կենսագործունեության, դրա կատարման մասին բանակցի, «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն՝ անդրադառնալով Լաչինի շուրջ իրավիճակին ու Երևանի դիրքորոշմանը։

Հարցազրույցից հատված ստորև.

«Ազատություն». - Լաչինի միջանցքին գալով՝ դուք քննադատությունն ընդունո՞ւմ եք, որ ինքներդ էլ այն բացելու ծրագիր չունեք և միայն իշխանությանն եք մեղադրում:

Գեղամ Մանուկյան. - Ընդդիմություն ես որպես Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույց անելու հնարավորություն չունեմ: Ընդդիմության դերը հստակ ինչ-որ մեխանիզմներ առաջարկել կամ պահանջելն է: Ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը, ասում է՝ Լաչինի միջանցքով ես Ադրբեջանի հետ չեմ բանակցի: Մենք էլ ասում ենք՝ սխալ ես անում, Արարատ Միրզոյան, որ Լավրով-Բայրամով հանդիպմանը դու չես գնում:

«Ազատություն». - Բանակցի Մոսկվայի ու Բաքվի հետ, դա չի՞ նշանակում տրվել այդ շանտաժին: Ինչ պիտի բանակցի, արդեն նոյեմբերի 9-ի թղթում գրված է:

Գեղամ Մանուկյան. - Նոյեմբերի 9-ի թղթի կենսագործունեությունը, կատարման մասին պետք է բանակցի: Իսկ Հայաստանն ի՞նչ է անում: Կարծես նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա երեք ստորագրություն չի դրած: Կարծես Պուտինի և Ալիևի ստորագրությունն է, ասում է՝ թող գնան, իրար հետ խոսեն, ղարաբաղցիներ, գնացեք, Ադրբեջանի հետ խոսեք:

«Ազատություն». - Լաչինի միջանցքի մասով Հայաստանն ունի՞ պատասխանատվություն, գնա, ի՞նչ բանակցի:

Գեղամ Մանուկյան. - Որպես այդ փաստաթղթի ստորագրման կողմերից մեկը:

«Ազատություն». - Չի՞ նշանակում դա գնալ, ընդունել ինչ-ինչ պայմաններ կամ չընդունել միջանցքը բացելու դիմաց:

Գեղամ Մանուկյան. - Կա ինը կետ, ինը կետի կատարում, ինչպես հիմա ձեռքերը լվացել են: Նույնիսկ այդ փաստաթղթի գերիների վերադարձի կետի մասին այլևս չի խոսում Հայաստանը:

«Ազատություն». - Միջազգային ատյան ու դուռ չմնաց, որ չթակեցին, դրա հետքերով գնալ չէ՞ր:

Գեղամ Մանուկյան. - Չէ, ես էլ կասեմ ուրիշ բան՝ անխելք չլիներ կառավարությունը, գերիների փոխանակումը խելքով աներ, ոչ թե հենց առաջին օրը թուղթը ստորագրած, երկու ադրբեջանցիների դիվերսանտներին հանձներ, ոչ թե հևիհև գերության մեջ գտնվող այստեղ ադրբեջանցիներին գաղտագողի բոլորին հանձներ, ձեռքն այլևս հաղթաթուղթ չլիներ Ադրբեջանի հետ բանակցելու:

«Ազատություն». - Դուք չասացիք՝ ի՞նչ կանեիք, որ բացվեր Լաչինի միջանցքը:

Գեղամ Մանուկյան. - Ոչ թե պարագայաբար իրավիճակից ելնելով ամեն քայլափոխի ինչ-որ նոր խաղի մեջ ներքաշվեի, այլ հավասարակշիռ իմ դիվանագիտությամբ, իմ քաղաքականությամբ պահանջեի նոյեմբերի 9-ի փաստաթղթի կատարում: Ես կարող եմ ժամերով ասել բոլոր այն գործողությունները, որը նաև հանգեցրել է նման արտառոց վիճակի: Այդ պարագայաբար հայտարարությունները Հայաստանի կողմից, որ Արցախը թող բանակցի Ադրբեջանի հետ, Պրահայում փաստաթուղթը, հայտարարությունն ստորագրելով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով, հիմա մենք նեղանում ենք Լավրովից և պետք է նեղանանք, բայց նեղանալով մենք չենք տեսնում, որ նույնը Հայաստանում ամեն օր իշխանության ներկայացուցիչները խոսում են: Մենք նեղանում ենք Լավրովից, ասում է Ալմաաթիի հռչակագիր, լավ, ո՞վ է առաջինն այդ մասին խոսել: Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը: Մի անգամ նրանց բերանից չի հնչել, որ Ալմաաթիի հռչակագիրը, որը ճանաչում է տարածքային ամբողջականությունը, Հայաստանը ստորագրել է վերապահումով: Տեսե՞լ եք Պրահայի հայտարարությունում վերապահման մասին հայտարարություն, ոչ: Բաց տեքստով են այլևս ռուսներն ասում, ասում են՝ ժողովուրդ, դուք, ձեր իշխանությունը, գնացեք, իրար հետ քննարկեք, թե ինչի է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել, ինչի դրանից հետո Ադրբեջանի ձեռքերը բացվեց, Ադրբեջանն ասում է՝ իմ տարածքը, իմ Լաչինը, իմ միջանցքը, մեղա-մեղա, իմ Լեռնային Ղարաբաղը:

«Ազատություն». - Իսկ Դուք ռուսներին քննադատո՞ւմ եք, որ չեն պատասխանում Հայաստանի տարածքային ամբղջականությունն, իրենց դաշնակցային պարտավորությունները:

Գեղամ Մանուկյան. - Ռուսները, ՀԱՊԿ-ը պարտավոր են կատարել դաշնակցային պարտավորությունները, Հայաստանը պարտավոր է ոչ թե մաչոյական, տղայական պահվածք ունենա ինչպես նույն ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո, այլ բոլոր մեխանիզմները գործի դներ, որպեսզի կարողանար ՀԱՊԿ-ի ներուժն օգտագործեր:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG