Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը այսօր կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին: Վարչապետը նաև ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտման փաստը և շեշտել դրան միջազգային հանրության ուշադրության ու համարժեք արձագանքի կարևորությունը:
Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հայ-խորվաթական կապերն ունեն առաջընթացի մեծ ներուժ և ընդգծել երկու կառավարությունների ակտիվ փոխգործակցության անհրաժեշտությունը: Վարչապետը կարևորել է Խորվաթիայի հետ համագործակցության խորացումը նաև որպես ԵՄ անդամ պետություն՝ նշելով ՀՀ-ում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցության փաստը:
Խորվաթիայի ԱԳ նախարարը նշել է, որ իրենք շահագրգիռ են տնտեսության տարբեր ճյուղերում կապերի զարգացմամբ, այդ թվում՝ զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Ռադմանի խոսքով՝ Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման գործում և բարեփոխումների առաջմղման ուղղությամբ ևս պատրաստ են սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ: