Գառնիի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հատուկ սարքավորումները ֆիքսում են տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր ցնցումները։ 2 օր առաջ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերն իրենց հետքը ևս թողել են այդ էլեկտրական տախտակի վրա։
Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Սիրիայի և հատկապես Հայաստանի սահմանակից Թուրքիայի երկրաշարժը Հայաստանի վրա: Հայ սեյսմոլոգների պնդմամբ՝ հնարավոր չէ՝ կանխագուշակել, թե որտեղ և երբ կլինի հաջորդ հավանական ցնցումը:
«Էս երկրաշարժերը մշակել հնարավոր չի, քանի որ ալիքային պատկերը մեզ հասնում է շատ վատ, տվյալ պահին ենք դա հասկանում: Կոնկրետ Թուրքիայի երկրաշարժի դեպքում Հայաստանին վնաս հասցնել չէր կարող», - ասաց սեյսմոլոգ Նորայր Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ սահմանակից Թուրքիայի 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը Հայաստանից մոտ 700 կմ է հեռու, ավելի թույլ ցնցումները հնարավոր չէ որսալ այս սարքավորումներով։ Այդուհանդերձ, մասնագետի պնդմամբ՝ այս երկու օրերի հետազոտությունները մտահոգության առիթ դեռ չեն տվել։
«Հետազոտությունների արդյունքում կարող եմ ասել, այս պահին Հայաստանում ուժեղ երկրաշարժ չի սպասվում», - նշեց Գրիգորյանը:
Երկրաշարժերը մեկը մյուսի հետ փոխկապակցված են։ Հակառակ պնդումն է անում Գիտությունների Ազգային Ակադեմիայի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը։ Իրենց ուսումնասիրությունները փաստում են՝ սեյսմիկ ակտիվության անոմալ դրսևորումներն արտահայտվել են ոչ միայն Թուրքիայի տարածքում, այլև Իրանում, Հայաստանի հյուսիսում, Վրաստանում, Ադրբեջանում։ Պրոցեսը դեռ շարունակվում է ու դրա վրա պետք է ուշադրություն դարձնել:
«Այստեղ խուճապի հարցն է, որ խուճապ չառաջացնել, այսինքն, հստակ ասել իրավիճակը, ասենք, սեյսմիկ ակտիվացում կա, անոմալ դրսևորումներ կան, և ասել, որ հեռու է երկրաշարժը կամ կապել ինչ-որ տեկտոնական իրավիճակի հետ և ասել եզրակացություն այս փուլում, որ Հայաստանում չի լինելու երկրաշարժ, ես սխալ եմ համարում, քանի որ երկրաշարժեր միշտ լինելու են: Կարող է նմանատիպ մագնիտուդի չլինի, այլ մի 5-5,5: Տեսնում ենք, որ հանգույցներ կան, որոնք փաստորեն, փոխկապակցված բնույթ են կրում», - ընդգծեց Կարապետյանը:
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները բացատրում էին՝ 2021-22 թվականների փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժերը Երևանում ու որոշ մարզերում ուժեղ զգացվել են նաև այն պատճառով, որ խզվածքները մոտ են եղել Հայաստանին։
Ուղիղ մեկ տարի առաջ էլ ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը զգուշացնում էր, որ թեև կանխատեսումներ այս հարցում գրեթե անհնարին են, մի բան, սակայն, ակնհայտ է՝ որքան հեռանում ենք 88-ի ուժգին երկրաշարժից, հավանական նոր հզոր ցնցումը մոտենում է։
Թուրքիայի երկրաշարժը Անատոլիական խզվածքում է։ Ծառայության աշխատակիցները չեն կարող պնդել՝ արդյոք Թուրքան իր վրա վերցրեց տարիներով կուտակված լարումը. «Հնարավոր է իր վրա վերցրած լինի, բայց նաև հնարավոր է ընդհանրապես ազդեցություն չունենա, այսինքն, առանձին օջախ, Հայաստանում նաև առանձին օջախ: Ինչքան հեռանում ենք, ժամանակի առումով, պատմական երկրաշարժից, այնքան մոտենում ենք նոր նման տիպի երկրաշարժի»:
Սեյմսոլոգ Ջոն Կարապետյանի ղեկավարած ինստիտուտի աշխատակիցները տարիներ առաջ ուսումնասիրություններ էին կատարել և եզրակացրել՝ 2021-2024թթ. Հայաստանում սեյսիկ ակտիվացում է լինելու, տարածաշրջանում էլ 5-5.5 մագնիտուդի երկրաշարժերի մեծ հավանականություն կա։ Հետազոտությունները հիմա էլ են շարունակվում, սակայն մասնագետի պնդմամբ՝ հրատապ է, որ մասնագիտական ուսումնասիրությունները ճիշտ օգտագործվեն:
«Ցանկացած երկրաշարժ մենք պետք է հաշվի առնենք և ցանկացած երկրաշարժ ևս մեկ հաղորդագրություն է, որ մեզ ասում է, որ պատրաստ եղեք ամենավատագույն տարբերակին», - ասաց Կարապետյանը:
Տարիներ շարունակ մասնագետներն ահազանգում են՝ 88-ի Սպիտակի երկրաշարժից հետո յուրաքանչյուր հաջորդ ցնցում ազդանշան է՝ ժամանակը գնում է, ամեն կորսված վայրկյանը կարող է ճակատագրական լինել։ Շինարարներն ու ճարտարապետներն էլ պարբերաբար հիշեցնում են՝ Հայաստանի բազմաբնակարան շենքերի մոտ 90 տոկոսը կառուցվել է խորհրդային տարիներին: Այդ շենքերն արդեն հին են, ավելի քան 50 տարեկան, կրել են 1988-ի և հաջորդ երկրաշարժերի ազդեցությունը: Հերթական ուժեղ ցնցումը ավելի է հյուծելու արդեն իսկ մաշված ու քայքայված բնակֆոնդը։