Մատչելիության հղումներ

8-բալլանոց երկրաշարժ Իրան-Թուրքիա սահմանին, զգացվել է նաև Հայաստանում


Շաբաթ երեկոյան 8-բալլանոց երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգում՝ Թուրքիայի հետ սահմանին, զգացվել է նաև Հայաստանում:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը 5.9 մագնիտուդով երկրաշարժը գրանցել է տեղական ժամանակով ժամը 22:14 (Գրինվիչի ժամանակով՝ 18:14), հյուսիսային լայնության 38.33 աստիճան և արևելյան երկայնության 45.24 աստիճան աշխարհագրական կոորդինատներով` Իրանի Խոյ քաղաքից 34 կիլոմետր հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալլ: Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրանական աղբյուրները, հաղորդում է Խոյում երկրաշարժի պատճառած «համեմատաբար մեծաթիվ» ավերածությունների մասին: Աղետի գոտի են գործուղվել փրկարարների խմբեր, հնարավոր զոհերի կամ վիրավորների մասին առայժմ չի հաղորդվում:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Սյունիքի մարզում՝ 5 բալլ, Վայոց ձորի, Արարատի մարզերում և Երևան քաղաքում՝ 3-4 բալլ, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում՝ 2-3 բալլ, Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 2 բալլ, Արցախում՝ 3-4 բալլ ուժգնությամբ, փոխանցում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վերջին տասն օրերին Իրանի նույն նահանգում 6 և 8 բալլանոց ևս երկու երկրաշարժ է տեղի ունեցել, որոնք նույնպես զգացվել են Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG