Մատչելիության հղումներ

Երևանը դեռ չի հստակեցնում՝ արդյոք Բաքուն ընդունել է Հայաստանի առաջարկները


Պաշտոնական Երևանը դեռ չի հստակեցնում՝ արդյոք Բաքուն ընդունել է իր հինգ սկզբունքներն ընդարձակելու, Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների հարցերը ներառելու՝ Հայաստանի առաջարկը: Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ասաց՝ նպատակահարմար չի համարում բացահայտել ադրբեջանական առաջարկների բովանդակությունը, քանի որ խոսքը բանակցային գործընթացի մասին է։

«Երևի քաղաքական առումով նպատակահարմար չի վերցնել առանձին որևէ դետալը և ասել՝ այս պահին ինչպիսին են կողմերի դիրքորոշումները այդ հարցի շուրջ, որովհետև վաղը կարող է բոլորովին այլ պատկեր լինի։ Կրկնում եմ՝ մեզ որոշ հարցերում դիրքորոշումները մոտեցնել հնարավոր է եղել, բայց հայկական կողմն ունի իր սկզբունքային հարցերն այս գործընթացում և այդ հարցերը բազմիցս ասել եմ», - նշեց նախարարը։

Արարատ Միրզոյանը երեկ Բեռլինում էր հայտնել՝ հայկական կողմը Ադրբեջանից հերթական առաջարկություններն է ստացել խաղաղության պայմանագրի վերաբերյալ և հիմա կողմերն աշխատում են այդ տեքստի շուրջ. - «Մի քանի օր առաջ ստացել ենք ադրբեջանական հերթական արձագանքը և առաջարկները»

Երևանն էլ հերթական առաջարկները կներկայացնի, այսօր իր խորվաթ գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Հայաստանի արտգործնախարարը՝ առանց որևէ մանրամասների։

«Ըստ էության, քննարկման փուլում ենք, սա ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը, մեծ հաշվով, կանգ չի առել, և մեկնաբանությունները, առաջարկությունները շարունակվել են փոխանակվել: Եվ այժմ մենք հանդես կգնանք մեր նոր մեկնաբանություններով՝ ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա», - նշեց Միրզոյանը։

Մինչ պաշտոնական Երևանը հայտարարում է, թե բանակցային գործընթացը չի կանգնել, Ադրբեջանն այսօր Հայաստանին դարձյալ մեղադրել է արհեստական խոչընդոտներ ստեղծելու, մանիպուլացնելու համար՝ չմանրամասնելով, սակայն, թե հայկական կողմը ինչո՞վ է խոչընդոտում կամ՝ մանիպուլացնում:

«Հայկական կողմը կրկին դիմում է մանիպուլյացիաների և, ներկայանալով որպես կառուցողական կողմ, ձգտում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, [....] խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններին վերադառնալու փոխարեն արհեստական խոչընդոտներ է ստեղծում գործընթացի համար», - անդրադառնալով Միրզոյանի երեկվա հայտարարություններին՝ ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը։

Հայաստանի արտգործնախարարն այսօր անդրադարձավ չկայացած մոսկովայն եռակողմ հանդիպմանը, Միրզոյանը շեշտեց՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտոնակիցների հետ հանդիպումը հետաձգվել է, չի չեղարկվել. - «Մենք որոշակի հարմար պահի կգործարկենք նորից այդ հետաձգված հանդիպումը»:

Հայկական կողմը դեկտեմբերին չէր գնացել Մոսկվա՝ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով։ Ռուսաստանը հայտարարել է՝ պատրաստ է կազմակերպել հետաձգված հանդիպումը։

Այսօր Միրզոյանը չափազանցված համարեց հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի առկայությունը։ Միևնույն ժամանակ հայտարարեց՝ կան նաև բազմաթիվ անհամաձայնություններ, որոնք քննարկում են ռուս գործընկերների հետ։

«Հրապարակային, այդ թվում նաև կապված ՀԱՊԿ-ի դերակատարման և քաղաքական գնահատականների կամ դրանց բացակայության հետ, ճգնաժամ անվանել դրանք երևի չափազանց ուռճացված կլինի: Մենք մշտապես կապի մեջ ենք մեր ռուսաստանյան գործընկերների հետ», - ընդգծեց Հայաստանի ԱԳ նախարարը:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու նրա խորվաթ գործընկերը՝ Գորդան Գրլիչ Ռադմանն անդրադարձան նաև Հայաստանում 2 տարով տեղակայվող Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությանը՝ շեշտելով դրա կարևորությունը տարածաշրջանի կայունության համար։

Սա, ի դեպ, հայ-խորվաթական հարաբերությունների ընթացքում Խորվաթիայի արտգործնախարարի առաջին պաշտոնական այցն է Հայաստան։ Խորվաթ պաշտոնյան այս այցը պատմական քայլ է համարում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG