Ադրբեջանն արձագանքել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին
Ադրբեջանն արձագանքել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին։ «Երևանը ստացել է Բաքվի պատասխանը և այժմ աշխատում է դրա վրա», - այսօր Բեռլինում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը:
«Մի քանի օր առաջ ստացել ենք ադրբեջանական հերթական արձագանքը և առաջարկները։ Ես կրկնում եմ՝ սա շարունակական գործընթաց է, և մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա՝ մի քանի փուլերով փոխանակելով առաջարկներ և շարունակելով քննարկումը», - նշեց նախարարը։
Արարատ Միրզոյանը չհստակեցրեց`ինչ է գրված Բաքվից ուղարկված փաստաթղթում, արդյոք ադրբեջանական արձագանքն ընդունելի է Հայաստանի համար, և ինչպես է Երևանը դրանց պատասխանելու։ Հայտնի է միայն, որ հայկական կողմը սեփական առաջարկները Բաքվին Մոսկվայի միջոցով էր փոխանցել շաբաթներ առաջ: Դրա մանրամասները ևս հայտնի չեն, Միրզոյանը հրաժարվել էր բացել փակագծերը՝ շաբաթներ առաջ ելույթ ունենալով խորհրդարանում: Այսօր էլ ասուլիսին ավելին չասաց, միայն ընդգծեց, որ չնայած Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին`հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել, բանակցություները շարունակվում են:
«Հայաստանը հաստատակամորեն է ներգրավված այս բանակցություններում, և մենք նպատակ ունենք շարունակել մեր ակտիվ ջանքերը մեր տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն կառուցելու գործում: Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ դեկտեմբերին նախատեսվում էր իմ և նախարար Բայրամովի, ինչպես նաև նախարար Լավրովի հերթական հանդիպումը:
Այս անգամ այն պետք է տեղի ունենար Մոսկվայում, բայց Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց մասնակցությունը, և չնայած այս հանգամանքին՝ մենք ադրբեջանական կողմին, ինչպես Դուք մեջբերեցիք, փոխանցեցինք մեր նոր առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ» - հավելեց նա:
Հայաստանի արտգործնախարարը միաժամանակ զգուշացրեց՝ բանակցություների հարթ ընթացքին ամենևին չեն նպաստում գետնի վրա Ադրբեջանի ագրեսիվ իրադարձությունները, ռազմատենչ հայտարարություններն ու Լաչինի միջանցքի արգելափակումը։ Միրզոյանն այս մասին խոսեց գերմանացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում երկկողմ բանակցություններից հետո, որի ընթացքում, ինչպես ինքն ասաց, Անալենա Բերբոքին պատմել էր`ինչ վտանգների առաջ են կանգնած Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Միրզոյանն ընդգծեց`սա է Բաքվի պատասխանն Արևմուտքին, որը հորդորում է նախ և առաջ Ղարաբաղի հայերի անվտանգության հարցը լուծել:
«Լաչինի միջանցքի շրջափակումը, ինչպես նաև դրան նախորդած այլ ագրեսիվ գործողությունները, ինչպես օրինակ՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը և կենսագործունեության համար անտանելի պայմանների ստեղծումը Լեռնային Ղարաբաղում ունի մեկ նպատակ՝ ստիպել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը լքել իրենց տները և, ըստ էության, դրանով իսկ զրկել նրանց հայրենիքում ապրելու իրավունքից։ Սա բնորոշել այլ կերպ, քան էթնիկ զտումների քաղաքականություն, թերևս հնարավոր չէ։ Սա է Ադրբեջանի պատասխանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրը հասցեագրելու միջազգային հանրության կոչերին», - շեշտեց նախարար Միրզոյանը։
Լաչինի միջանցքի փակման պատճառով հումանիտար իրավիճակն «աղետալի է». Բերբոք
Գերմանիայի արտգործնախարարն, իր հերթին, փաստեց, որ Լաչինի միջանցքի փակման պատճառով հումանիտար իրավիճակն «աղետալի է»։ Բերբոքը մանրամասն նկարագրեց Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհի փակման հետևանքները՝ բաժանված ընտանիքներ, դեղորայքի, սնունդի պակաս, էներգետիկ խափանումներ՝ կոչ անելով Ադրբեջանին ու Ռուսաստանին անհապաղ վերացնել շրջափակումը և կատարել ստանձնած պարտավորությունները։
Իսկ ի՞նչ կարող է անել Եվրամիության առանցքային երկիրն այդ հումանիտար աղետը կանխելու համար. Անալենա Բերբոքը Բաքվին և Մոսկվային ուղղված կոչից զատ, այդ հարցով Բեռլինի անելիքներից չխոսեց։
Գերմանիայի արտգործնախարարը նաև հրաժարվեց հստակ գնահատական տալ Բաքվի գործողություններին՝ անցած տարվա սեպտեմբերի 13 -ին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիայի մասով։ Այդ օրերին մեկնաբանելով իրադարձությունները՝ Գերմանիայի արտգործնխարարությունը հայտարարել էր, որ չի կարող հստակ գնահատական տալ անաչառ զեկույցների բացակայության պատճառով։
«Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը տեղում իրավիճակի վերաբերյալ զեկույց է ներկայացրել դաշինքի անդամ երկրներին, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և այլ երկրներ հստակ դիրքորոշում են արտահայտել, և Գերմանիան կարո՞ղ է իր հստակ գնահատականը տալ առ այն, որ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքը, Գերմանիայի արտգործնախարարը խուսափեց ուղիղ պատասխանից՝ ասելով. «Բեռլինն աջակցում է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին՝ ուղղված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»։
Գերմանիայի ԱԳ նախարարը խոստացավ աչք չփակել մարդու իրավունքների խախտումների վրա Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության պատճառով
Գերմանիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան նաև Բաքվի հետ էներգետիկ համագործակցությունից խոսեց։ Փաստեց՝ ռուսական գազից հրաժարվելու հետևանքով այլընտրանքի փնտրտուքի մեջ են Եվրոպայում, և հավաստիացրեց՝ Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության դեպքում Գերմանիան խոստանում է աչք չփակել մարդու իրավունքների ու այլ խախտումների վրա։
Միրզոյանը վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում
Երկկողմ ասուլիսը նախարարները սկսեցին վերջին օրերի մեկ այլ հումանիտար աղետից՝ Թուրքիայի և Սիրիայի`հազարավոր կյանքեր խլած երկրաշարժերից։ Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ չնայած հայ-թուրքական անհարթ հարաբերություններին և երկու երկրների միջև առկա խնդիրներին՝ Երևանը չի հապաղել օգնության ձեռք մեկնել։
«Մենք ինքներս 1988 թվականին Հայաստանում տեսել ենք, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կարող է ունենալ երկրաշարժը, և մենք այն ժամանակ մենակ չենք մնացել, և մենք պետք է պատրաստ լինենք մեր օգնության ձեռքը մեկնել այդ օգնության կարիքն ունեցողներին»։
Ինչ վերաբերում է մոտ երկու տարի առաջ վերսկսված Անկարայի և Երևանի միջև երկխոսությանը, Միրզոյանը վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը՝ «անկեղծորեն ներգրավված լինելու այս գործընթացում և տրամաբանական ավարտին հասցնելու հարցում»։
Գերմանիայի դիվանագիտության ղեկավարը իր խոսքում Հարավային Կովկասում տիրող իրավիճակը որակեց բարդ, ասաց՝ գիտի՝ ղարաբաղյան երեսնամյա հակամարտության հետևանքով հազարավոր զոհեր, անհետ կորածներ կան, խոսեց նաև մինչ օրս էլ հակամարտության հետևանքով չլուծված խնդիրներից ու հավելեց՝ միամիտ չէ կարծելու, որ այդ վերքերը արագ կամոքվեն, այդուհանդերձ կարծում է՝ կողմերը քայլեր են անում այդ ուղղությամբ։
Սա արտգործնախարարի պաշտոնում Միրզոյանի առաջին այցն է Գերմանիայի մայրաքաղաք, իսկ իշխանափոխությունից հետո Հայաստանի դիվանագիտության ղեկավարի երրորդը այցը Բեռլին։ Վերջին անգամ Հայաստանի ղեկավարությունից վարչապետ Փաշինյանն էր այստեղ մինչև քառասունչորսօրյա պատերազմը։