Մատչելիության հղումներ

«Հայաստանին մեղադրելը տրամաբանական չեմ համարում». իշխանական պատգամավորը հակադարձում է Լավրովին 


Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել՝ մինչև ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի տեղակայմանն անդրադառնալը, ռազմաքաղաքական դաշինքը նախ պետք է արձանագրի, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։

Երեկ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, թե Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռևս արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, ապա առաքելությունը կարող է տեղակայվել մեկից երկու օրվա ընթացքում։

Խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իշխանական անդամ Սարգիս Խանդանյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ ՀԱՊԿ-ը մինչ այս պահը Հայաստանի տարածքների օկուպացիայի մասին գնահատական չի տվել։

«Առաջին հերթին պետք է արձանագրվի իրողությունը․ այն է, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որոշակի հատվածներ և այս իրողության արձանագրման դեպքում արդեն հնարավոր կլինի տեղակայել որևէ տեսակի մոնիտորինգային խումբ, որը կնպաստի անվտանգության ապահովմանը։ Ցավոք սրտի, ՀԱՊԿ-ը մինչև օրս չի արձանագրել այս իրողությունը և գնահատական չի տվել տեղի ունեցածին», - ասաց պատգամավորը։

Լավրովը երեկ նաև անդրադարձել էր Պրահայում անցած տարի ստորագրված հայտարարությանը՝ շեշտելով, որ « և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Եվրամիության հետ միասին փաստաթուղթ են ստորագրել 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրում շարադրված պայմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին։

Ըստ Լավրովի՝ հիշատակված փաստաթղթի համաձայն՝ նորանկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններով։ Ադրբեջանի արտգործնախարարն ընգդծել էր՝ «Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր»։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Սարգիս Խանդանյանը հակադարձում է՝ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են դեռ 1991 թվականին՝ Ալմա-Աթայի հռչակագրով, և Պրահայում ընդամենը արձանագրվել է այդ փաստը։

Հարցին, թե կարող ենք հստակ արձանագրել, որ այդ փաստաթղթի ընդունմամբ Հայաստանը չի ընդունել Արցախն Ադրբեջանի մաս, պատգամավորը պատասխանեց․ - «Տեսեք, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երբեք չի եղել տարածքային հարց, և Հայաստանը որևէ տարածք գրավելու նպատակ չի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավվելով։ Հայաստանի նպատակն է եղել՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և անվտանգությունը պաշտպանելը և որը շարունակում է մնալ օրակարգային մինչև այս պահը։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դրանք հասցեագրվեն և դրանց համար մեխանիզմներ ենք փնտրում»։

Արձագանքելով Լավրովի մյուս հայտարարությանը, թե Հայաստանը երկար տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի շուրջ յոթ շրջաններ, մերժել հարցը լուծելու Մոսկվայի առաջարկները, որից հետո էլ Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավորը, ասաց, թե Հայաստանը չի մերժել Ռուսաստանի առաջարկները։

«Չէ, բանակցային ողջ գործընթացում հստակ է եղել, որ այն կետում, որ Հայաստանը համաձայնության է եկել որևէ տարբերակի շուրջ, Ադրբեջանի պահանջները ավելի ու ավելի են շատացել, և այս պարագայում Հայաստանի համար անընդունելի են դարձել, ուստի չի կարելի մեղադրել Հայաստանին համաձայնությունների չգնալու համար, պետք է մեղադրել Ադրբեջանին՝ պահանջները շատացնելու և չիրագործելու մեջ», - ասաց Խանդանյանը՝ շեշտելով․ - «Մինչև 2018 թվականն էլ, եթե հիշում եք, Կազանում Հայաստանը 2011-ին պարտաստ էր գնալ համաձայնության, բայց Ադրբեջանը վերջին պահին չհամաձայնվեց, ուստի այստեղ Հայաստանին մեղադրելը ես տրամաբանական չեմ համարում»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG