Մատչելիության հղումներ

Երևանը ողջունում է Հայաստան լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշումը


Պաշտոնական Երևանը ողջունում է Հայաստան լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշումը:

«Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք նրա գործունեությանը։ Այս առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը», - Թվիթերում գրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

ԵՄ խորհուրդն այսօր է համաձայնություն տվել Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը։

«Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը, տեղում վստահության ամրապնդմանն ու այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, որ կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ կողմից գործադրվող ջանքերին», - նշված է ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ։

ԵՄ խորհուրդը նաև տեղեկացրել է, որ առաքելությանը երկու տարվա մանդատ է տրված, դրա կենտրոնակայանը գտնվելու է Հայաստանում։

XS
SM
MD
LG