«ԵՄ առաքելության առկայությունը չպետք է օգտագործվի՝ խաթարելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ներառյալ սահմանների սահմանազատման գործընթացը, որը պետք է իրականացվի երկկողմանի հիմունքներով», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունն՝ արձագանքելով Հայաստանի տարածքում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը։
Նշելով, թե «ԵՄ ներկայացուցիչների հետ տարբեր մակարդակներում անցկացված մի շարք խորհրդակցությունների ընթացքում Ադրբեջանը հայտարարել է, որ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում չպետք է պատրվակ ծառայի Երևանի համար՝ խուսափելու իր պարտավորությունների կատարումից», Ադրբեջանի արտգործնախարարությունն ընդգծել է՝ «ԵՄ առաքելության ներկայության չարաշահումը վտանգավոր է գոյություն ունեցող երկխոսության մեխանիզմների համար, և դրանից պետք է խուսափել»։
«Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ ԵՄ առաքելության մեկնարկը քննարկելիս առավելագույն ուշադրություն կդարձվի անցյալի փորձից անհրաժեշտ դասեր քաղելուն»,- ասված է հայտարարությունում։
Ըստ Բաքվի, EUMA-ի տեղակայումը պետք է ապահովվի համապատասխան ձևով՝ «հաշվի առնելով Ադրբեջանի օրինական շահերը՝ այս առաքելության գործունեության իրականացումը չպետք է խաթարի փոխադարձ վստահությունը»։
Ընդգծելով, որ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպմանը Ադրբեջանը համաձայնել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելուն՝ հուսալով, որ դա կօգնի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է՝ սակայն, «դիտորդական առաքելության գործունեությունն ուղեկցվել է լուրջ շեղումներով Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ ԵՄ որոշ անդամ երկրների կողմնակալ մոտեցման պատճառով»։
ԵՄ խորհուրդը երեկ համաձայնություն է տվել Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը։ Ըստ ԵՄ-ի՝ քաղաքացիական առաքելությունը կանոնավոր հիմունքների վրա պարեկություն կիրականացնի՝ տեղեկություններ հաղորդելով իրավիճակի մասին, նաև կաջակցի ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին։ Առաքելությանը երկու տարվա մանդատ է տրված։