Թուրքիայում այս պահին ամեն տեսակի օգնության կարիք կա, փրկարար աշխատանքներն անբավարար են՝ բազմաթիվ փլված բազմահարկ շենքեր կան, փլատակների տակ մարդիկ կան, «Ազատության» հետ զրույցում ասաց Ստամբուլի «Ակոս» թերթի հայերեն բաժնի ղեկավար Բագրատ Էստուկյանը։
Նրա խոսքով՝ երկրաշարժից անմիջապես տուժած քաղաքներում խուճապ կա, իշխանությունները որոշել են Թուրքիայում դպրոցները մեկ շաբաթով փակել, աղետի գոտու դպրոցները երկու շաբաթով կփակվեն։
Հարցին, թե հայերի մասին տեղեկություններ կա՞ն, Էստուկյանը պատասխանեց․ - «Հայերի թիվն այդ քաղաքներում քիչ է։ Մենք իմացանք, որ Մալաթիա քաղաքում ամուսիններ են զոհվել․ երկուսին էլ մահացած հանեցին փլատակներից, իսկ իրենց զավակները հիվանդանոց են տեղափոխվել, վիճակներն էլ ծանր է։ Անտիոքում մեկ զոհված կա, Ադիյամանում դարձյալ մեկ հայ զոհի մասին լսել ենք, մերձակա գավառում վնասված շենքեր կան, այնտեղ զոհվածների մասին չենք լսել։ Այսինքն՝ 4-5 զոհված հայի մասին կարող ենք խոսել»։
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին անցած գիշեր տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն անցել է 4,5 հազարը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ցավակցեց և օգնության պատրաստակամություն հայտնեց։
Հարցին, թե Թուրքիայում ինչպե՞ս են վերաբերում Փաշինյանի այս առաջարկին Էստուկյանը պատասխանեց․ - «Ես Ձեզանից լսեցի այդ առաջարկի մասին, բայց արդեն սպասում էի նման առաջարկի, որովհետև անցյալում, երբ Թուրքիայում երկրաշարժ էր եղել, Հայաստանի փրկարար ջոկատները օգնության էին եկել, մենք իրենց հետ հանդիպել ենք նույնիսկ, այնպես որ բացառված չէ, կարծես թե, կարիքն էլ կա՝ ամեն տեսակի օգնության կարիք կա։ Թուրքիայի Հայոց պատրիարքարանն էլ համայնքային հաստատությունների վարիչների հետ ժողով պիտի գումարի, որպեսզի անմիջապես կազմակերպեն օգնության իրենց ծրագրերը հատկապես հայերի բնակված վայրերում»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․