Մատչելիության հղումներ

Արցախցի 15 երեխաներ հասան Ստեփանակերտ՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ


Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ արցախցի 15 երեխաներ երեկ հասան Ստեփանակերտ, իրենց ընտանիքներին։ Քույրերը, եղբայրները, ծնողները փուչիկներով ու շոկոլադով դիմավորեցին նրանց:

«Վախ, տագնապ, մինչև երեխաները առողջ հասնեն մեզ: Կյանքի ճանապարհը շուտով կբացվի, և բոլոր ընտանիքները, երեխաները ծնողների հետ կմիավորվեն: Հուսով ենք, որ այս փորձությանը էլ չենք հանդիպի, ամեն ինչ կլավանա», - ասաց ծնողներից մեկը:

«Կարոտել էինք անչափ, զգացմունքներին չափ ու սահման չկա, աննկարագրելի», - ասաց մեկ այլ կին:

«Մանկական Եվրատեսիլի» հանդիսատեսներն էին, որ դեկտեմբերի 12-ին պետք է վերադառնային։ 47 օր բաժանված էին իրենց ընտանիքներից։

«Մենք իրար հետ հեռախոսակապով խոսել ենք, իրար դուխ ենք տվել, ասել ենք, որ ամեն ինչ լավ է լինելու, և այդպես կարողացել ենք մեր կարոտը առնել և վերջապես վերադառնալ մեր հայրենիք», - ասաց երեխաներից մեկը:

«Շատ լավ են անցել մեր օրերը, բայց անընդհատ մտածում էինք մեր ծնողների մասին, շատ էինք ուզում վերադառնալ, մենք դրա համար հատուկ կլիպ ենք հանել, ու մենք մեր ուզածին հասանք», - ասաց մյուսը:

Երեխաների մի մասը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տասն օր առաջ էին վերադարձել՝ աղմկահարույց միջադեպով։ Ճանապարհը փակած ադրբեջանցիները կանգնեցրել էին մեքենաները, փակ դեմքերով ներս մտել, նկարահանում արել, երեխաները սարսափել էին։ Այս անգամ փոքրիկներն Արցախ են հասել խաղաղ, առանց միջադեպի։

Կարմիր խաչի ուղեկցությամբ երեկ Հայաստան են տեղափոխվել քաղցկեղով երկու և ոտքերի խնդիր ունեցող մեկ հիվանդ։ Նրանք բուժումը շարունակում են Հայաստանում։ Արցախի հիվանդանոցում վիրահատություններն անհնար են դարձել, իսկ վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր հիվանդներ կան, այդ թվում՝ երեխաներ։

Գազատարը կրկին փակվեց

48 օր է՝ ադրբեջանցիները փակել են Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանն այսօր կրկին ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Ստեփանակերտում գազ չի լինի:

Արցախում հումանիտար ճգնաժամն օրեցօր սրվում է։ Մթերքի հիմնական տեսակները կտրոնով են վաճառվում, դեղորայքի պակաս կա։ Հոսանքը օրական մի քանի ժամ է հասանելի։ Դպրոցներն ու մանկապարտեզները փակ են։

«Սա հստակ էթնիկ զտման, բռնի տեղահանման քաղաքականություն է»

«Իրավիճակն իսկապես վտանգավոր է 47 օր շրջափակման մեջ մնացած 120 հազար մարդու համար։ Սա հստակ էթնիկ զտման, բռնի տեղահանման քաղաքականություն է», - ֆրանսիական հեռուստատեսության հետ հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը ռուս խաղաղապահների հսկողության տակ է։ Ի՞նչ է անում Ռուսաստանը, որ միջանցքը բացվի, արդյո՞ք նախկինում ռուսաստանաբնակ գործարարը կապի մեջ է Վլադիմիր Պուտինի հետ, հետաքրքրվել է ֆրանսիացի լրագրողը։

«Ոչ, ես նախագահ Պուտինին հասանելիություն չունեմ։ Ես գտնվում եմ շրջափակման մեջ, որտեղ մարդիկ ունեն պարենի, էլեկտրաէներգիայի սղություն: Ես իմ ժողովրդի հետ եմ, որը 35 տարի շարունակ իսկապես պայքարում է անկախության համար, և ես ոչ մի հասանելիություն չունեմ որևէ մեկին, քանի որ ես Ստեփանակերտում շրջափակման մեջ եմ: Այս իրավիճակն արդեն իսկ շատ պատասխանատվություն է դրել ինձ վրա, որ որպես պետնախարար՝ լինեմ իմ ժողովրդի հետ», - պատասխանել է Արցախի պետնախարարը։

Վաշինգտոնը շաբաթվա ընթացքում չորրորդ անգամ է անդրադառնում Լաչինի միջանցքին

Այս շաբաթվա ընթացքում արդեն չորրորդ անգամ Լաչինի փակ միջանցքին է անդրադարձել Վաշինգտոնը։ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդը «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հետ զրույցում ասել է, որ իրենք ակտիվ ջանքեր են գործադրում ճանապարհի վերաբացման ուղղությամբ: «Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը խոչընդոտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացմանը»,- ասել է Դոնֆրիդը:

«Լաչինի միջանցքի արգելափակման հարցն առաջնային էր պետքարտուղար Բլինքենի՝ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հետ վերջին հեռախոսազրույցներում։ Պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել միջանցքը և ընդգծել առևտրային և մասնավոր անխոչընդոտ երթևեկության կարևորության մասին։ Մենք շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում տեղի հայ բնակչության իրադրության կապակցությամբ: Մենք կշարունակենք լինել ներգրավված և ճնշում գործադրել այս իրավիճակի շուրջ», - վստահեցրել է Քերըն Դոնֆրիդը:

Պետքարտուղարի տեղակալի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները չունեն կառուցողական դերակատարում, իսկ Իրանը Հարավային Կովկասում ակտիվորեն փորձում է ընդլայնել իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական դերը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG