Մատչելիության հղումներ

Հոսանքի անջատումներ, գազի բացակայություն, կտրոնով տրամադրվող մթերք. Արցախն այսօր


Մութ, ցուրտ ու դատարկ սառնարաններով Արցախից ահազանգում են՝ միջազգային հանրությունը ինչո՞ւ պատժամիջոցներ չի կիրառում ընդդեմ Ադրբեջանի: Միայն անհասկանալի կոչեր են, զայրանում է ստեփանակերտցի Գայանե Առստամյանը, շեշտելով՝ իրենք Արցախի ադրբեջանացմանն ընդդիմանալու են՝ հագենալով առանց սննդի, տաքանալով առանց գազի:

«Իրենք իմ տերը չեն, ես եմ որոշում՝ որտեղի քաղաքացի եմ լինելու, իմ ապուպապը, պապը...», - ասում է նա:

Ստեփանակերտում ու Արցախի շրջաններում այսօրվանից էլ գազալցակայանների աշխատանքը դադարեցվեց։ Խողովակներում մնացած կուտակված գազը տրամադրվելու է միայն հիվանդանոցներին: Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախ մտնող գազատարի փականը և թույլ չի տալիս վերականգնել էներգամատակարարումը, օրը վեց ժամով հոսանքն անջատվում է, իսկ դրսում ձմեռ է։

«Մանավանդ Ստեփանակերտն ադապտացված է գազային տաքացուցիչներով, որպեսզի տները տաքացվեն, և տները, և հիմնարկները, և դպրոցները, հիվանդանոցները, բոլորը գազից են կախված, և դա շատ ավելի ծանրացրել է ժողովրդի վիճակը», - ասում է Գայանե Առուստամյանը:

Նա մտածում է փայտե վառարան տեղադրելու մասին, և որպեսզի հետագայում էլ իր բնակարանի ջերմաստիճանն Ադրբեջանի քմահաճույքից կախված չլինի, պիտի արևային կայան տեղադրի ու իր խոսքով՝ ապահովի իր էներգետիկ անկախությունը. «Լեռնային գոտի ենք մենք, տներում ցուրտ է լինում, մանավանդ եթե տանն ունես ծերեր, իհարկե ոչ ծերերն էլ են մրսում: Ցուրտ է, այո»:

Ջեռուցման, սննդի բացակայության պատճառով արցախցի ոչ մի երեխա դպրոց, մանկապարտեզ չի գնում։ Հովհարային անջատումներ, գազի բացակայություն, կտրոնով տրամադրվող մի քանի տեսակի մթերք միայն: Կյանքն այսպիսին է Արցախում շրջափակման 44-րդ օրը:

Մարթան երեք երեխաների հետ անցնում է սուպերմարկետների դատարկ ցուցափեղկերի միջով, խանութից դատարկ էլ դուրս կգա. «Երեխաների հետ շատ դժվար է, կարելի է ասել՝ գնում ենք այն ամենը, ինչ որ նախատեսված է տալոնների մեջ, ավելի բան չկա գնելու, երեխաներն անընդհատ ուզում են, բացատրում ենք, որ ժամանակի հարց է: Բանջարեղենը, մրգերը ահավոր է, որ չկա, երեխայի համար տակդիրն է, որ շատ դժվար եմ գտնում, ընդհանրապես ասում են՝ հատով են տալիս»:

Անպտուղ որոնումների մեջ է նաև Լուսավարդ Զաքարյանը, չգիտի՝ հաշմանդամությամբ ապրող որդուն ինչ տանի, մթերք չկա, հիգիենիկ պարագաներն էլ անհետացան:


Կտրոնային համակարգից արցախցիները հիմնականում չեն դժգոհում, բրինձ մակարոն, հնդկաձավար, ձեթ՝ երաշխավորված տալիս են, մնում է դիմանալ հերթերին։ Շատերի տներում պահածոներ կան, շատ հարմար է փլավների համար, բանջարեղենի ամբողջ տեսականուն փոխարինում է դդումը, բազմազան մրգերին՝ նուռը, ասում է Առուստամյանը. «Մեր նուռն է, որը պիտի տանեին վաճառքի, չեն հասցրել, հիմա էլ նուռ կուտենք, ի՞նչ է եղել»:

Մսամթերքի խնդիր չկար, բայց շրջափակման 7-րդ շաբաթում հավի ու տավարի մսի դեֆիցիտ է առաջացել, տեղական արտադրողներն անասնակեր չեն գտնում, որովհետև այդ կերն էլ Հայաստանից Լաչինի միջանցքով էր Արցախ հասնում, իսկ միջանցքը փակ է:


Ճիշտ է՝ հիմա այդտեղ ադրբեջանական դրոշներն ու բնապահպանական պաստառներն ավելի շատ են, քան բուն ցուցարարները, բայց միևնույնն է՝ ճանապարհը բացվում է միայն ռուս խաղաղապահների մեքենաների համար, նաև երբեմն այդտեղով Կարմիր խաչի մեքենաներն են անցնում: Այսօր առավոտյան Ստեփանակերտից 11 հոգի հենց Կարմիր խաչի մեքենաներով շարժվել է դեպի Հայաստան՝ միանալու իրենց ընտանիքներին, նույն մեքենաներով այստեղ մնացած 10 արցախցի է տուն վերադարձել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG