Հայաստանում է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նա քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Կառավարությունից հայտնում են, որ վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Ադրբեջանն իր սադրիչ քայլով հերթական անգամ խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարևորել միջազգային հանրության ուշադրությունն ու հասցեական արձագանքը տեղի ունեցողին:
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կարևորել միջանցքի անխափան գործունեության ապահովումը: Խավիեր Կոլոմինան հավելել է, որ ՆԱՏՕ-ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ և իր աջակցությունն է հայտնում այդ ուղղությամբ միջազգային գործընկերների կողմից ներդրվող ջանքերին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ընդունել են նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Պաշտոնյաների հանդիպմանը կրկին առանցքում է եղել Լաչինի միջանցքի փակ լինելը և առաջացած իրավիճակը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրադրության շուրջ:
Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ այս շաբաթ Կոլոմինան կայցելի նաև Ադրբեջան։