Մատչելիության հղումներ

Լոութոն. «Ադրբեջանը հայատյացության պետական քաղաքականություն է վարում»


«Սա համապատասխանում է Ցեղասպանության կոնվենցիայի դրույթներին»

Լաչինի միջանցքի փակումը քննարկվել է նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, որտեղ Ադրբեջանի այս հանցավոր քաղաքականության մասին զեկույցը Համայնքների պալատում ներկայացրած պահպանողական Թիմ Լոութոնն իրավիճակը համեմատել է անցած դարի 90-ականներին Հարավսլավիայում ազգային փոքրամասնությունների հալածանքների հետ:

Պատգամավորի խոսքով, Հարավսլավիայում պատերազմի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի զեկույցում նշվել է տարածքն էթնիկապես միատարր դարձնելու նպատակով այլազգիներին ահաբեկելու և վտարելու քաղաքականության մասին:

Դա, բրիտանացի օրենսդիրի փոխանցմամբ, մարդկության դեմ հանցագործություն է և համապատասխանում է Ցեղասպանության մասին կոնվենցիայի դրույթներին, քանի որ կոնկրետ մեկ ազգային խմբի համար ստեղծվում են կյանքի անտանելի պայմաններ, ինչի նպատակն է վնաս հացնել այդ մարդկանց և ստիպել նրանց հեռանալ իրենց հայրենիքից:

Դրա համար գործադրվում են հոգեբանական ահաբեկման և անհրաժեշտ մատակարարումների՝ գազի, հոսանքի, ինտերնետի արգելափակման միջոցները, սահմանվում է ազատ տեղաշարժի, ապրանքների, պարենի, դեղորայքի և բժշկական պարագաների փոխադրման արգելք, ինչի արդյունքում բնակիչներն աստիճանաբար պետք է մատնվեն սովամահության:

«Նշված բոլոր չափանիշները գործում են տվյալ դեպքում: Ադրբեջանը փորձում է էթնիկ զտում, եթե ոչ ցեղասպանություն իրականացնել: Ադրբեջանը հայատյացության պետական քաղաքականություն է վարում»,- ասել է Լոութոնը:

Նա նշել է, որ բլոկադան՝ իբրև միտումնավոր հարձակման միջոց, Ադրբեջանի կողմից կիրառվել է տարբեր ժամանակահատվածներում տարբեր վարչակարգերի օրոք: Լեռնային Ղարաբաղի առաջին շրջափակումը տեղի է ունեցել անցած դարի 91-92 թվականներին: Լոութոնը խնդիրը մեկնաբանել է նաև աշխարհքաղաքական զարգացումների ենթատեքստում:

Ռուսաստանը փայփայում է սովետական կայսրությունը վերականգնելու երազանքը

«Թեպետ Ռուսաստանն այս պարագայում ագրեսոր չէ, տարածաշրջանի անկայունությունը նրան ընձեռում է լավ հնարավորություն առաջ տանելու երկու տասնամյակ շարունակ փայփայած ծրագիրը, այն է՝ վերականգնել հին սովետական կայսրության աշխարհագրությունը»,- ասել է Լոութոնը:

Ելույթ է ուցեցել նաև լեյբորիստ պատգամավոր Ջեսիքա Մորգենն, ով ասել է, թե միանում է հարգարժան գործընկերոջն ու պահանջում է անհապաղ բացել Լաչինի միջանցքը:

«Ես դիմում եմ Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ դիվանագիտական լծակներով միջոցներ ձեռնարկել այս խնդիրը լուծելու համար: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ազատ և անկախ ապրելու իրավունք»,- ասել է պատգամավորը:

Նա նշել է, որ որպես Հայաստանի հետ կապերի հարցով խորհրդարանական բազմակուսակցական խմբի անդամ, անցյալ տարի այցելել է Երևան, հանդիպել է Ղարաբաղից վտարված բնակիչների հետ: Չկարգավորված հակամարտությունը 2020-ի սեպտեմբերին հանգեցրել է լայնածավալ պատերազմի, որն ավարտվել է հրադադարի եռակողմ համաձայնությամբ: Այն ենթադրել է նաև կյանքի ճանապարհ հանդիսացող Լաչինի միջանցքի անխափան աշխատանք, բայց հիմա եռակողմ հայտարարության այդ դրույթը ոտնահարվում է:

«Ամեն բան միանշանակ չէ, մյուս կողմն էլ իր փաստարկներն ունի»

Լսումներին մասնակցած ևս տասնյակ օրենսդիրներ նույնպես խոսել են միջանցքն անհապաղ բացելու անհրաժեշտության մասին, մինչդեռ, նրանցից մեկը՝ պահպանողական Բոբ Բլաքմանը պնդել է, թե միջանցքով անարգել անցնում են Կարմիր խաչի և ռուսաստանցի խաղաղապահների մեքենաները, նրա հավաստիացմամբ, նաև իրականացվում է մարդասիրական նշանակության բեռի փոխադրում:

Նրա խոսքով, այս ամենը միանշանակ չէ, և մյուս կողմն էլ ունի իր փաստարկները: Միջանցքը պետք է օգտագործվեր բացառապես մարդասիրական նպատակով, բայց «Հայաստանը և Հաաստանի աջակցությամբ գործող Ղարաբաղի հայկական վարչակարգը դիմել են ապօրինի մեթոդների և միջանցքով փոխադրել են ականներ, որոնց պայթյուններից ավելի քան 270 ադրբեջանցի է զոհվել ու վիրավորվել, այդ թվում՝ 35 խաղաղ բնակիչ», ասել է նա: Բլաքմանը նաև խոսել է բանակցությունների մասին:

«Հայաստանը հրաժարվել է համագործակցել Ռուսաստանի և Ադրբեջանի հետ հարատև խաղաղությանն ուղղված պայմանագրի շուրջ: Դա նշանակում է Հայաստանը հետաքրքրված չէ բանակցություններով», - ասել է պատգամավորը և կառավարությանը կոչ արել՝ նպաստել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին: Նա պնդել է, թե Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ծագումով հայ ռուսաստանցի օլիգարխ է, ով «ռուսների հանձնարարությամբ է մեկնել Ղարաբաղ»:

«Հիմա Կիևում մինուս 3 է, գրեթե նույնը Ստեփանակերտում է»

Պահպանողական պատգամավոր սըր Ջոն Ոիթինգդեյլը նշել է, որ հիմա աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա, և գուցե հենց դա է իբրև հարմար առիթ օգտագործում Ադրբեջանը՝ այս բլոկադան կազմակերպելու համար:

«Հիմա Կիևում մինուս 3 երեք է, Ստեփանակերտում գրեթե նույնն է, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նույն տառապանքներն է կրում՝ առանց հոսանքի և ջեռուցման, և սա մարդասիրական ճգնաժամ է»,- ասել է պատգամավորը:

Պատգամավոր Քրիս Լոն վկայակոչել է Հանրային քաղաքականության հետազոտությունների ամերիկյան կենտրոնի վերլուծաբան Մայք Ռուբինի խոսքը. «Ցեղասպանությունը տեղի է ունենում մթության մեջ, եթե կարողանանք լույս սփռել տարածաշրջանի վրա, ապա ի զորու կլինենք ակտիվորեն կանխել ամենավատ հետևանքը»:

Այդ մեջբերումից հետո Քրիս Լոուն հիշեցրել է, թե ինչպես է Բրյուսելում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիքովը գոհունակությամբ ասել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լաչինի հարցով ֆրանսիացիների բանաձևը ձախողվել է:

«Նա դրա համար շնորհակալություն է հայտնմել Ալբանիային, Ռուսաստանին, Արաբական Միացյալ Էմիրություններին ու Բրիտանիային: Եթե Բրիտանիան դրա հետ առնչություն չունի, ապա ինչպե՞ս կարող էր նման ոչ ճիշտ հայտարարությթուն արվել»,- ասել է պատգամավորն ու պարզաբանում է խնդրել գործադիրից:

«Բրիտանիայի կառավարության դիրքորոշումը հստակ է՝ միջանքը պետք է բացվի»

Խորհրդարանական այս քննարկումներին Բրիտանիայի կառավարությունից ներկա էր Եվրոպայի գործերով փոխպետքարտուղար Դեյվիդ Ռաթլին:

«Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը հստակ է՝ միջանցքը պետք է բացել: Պարոն նախագահող, կարող եմ կրկնել՝ Ադրբեջանի կառավարությունը պարտավոր է ապահովել միջանցքի անարգել աշխատանքը»,- ասել է փոխպետքարտուղարը:

Նա հավատացրել է, որ կառավարությունը տարբեր մակարդակներով այդ պահանջը հասցրել է Բաքվին և պատկան միջոցներ կգործադրի այդ հարցը լուծելու համար:

Հաստատված կարգի համաձայն, լսումների ամփոփիչ զեկույցը կփոխանցվի Արտաքին գործերի նախարարություն:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG