Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ՝ քննարկելով տարածաշրջանային և միջազգային ավտանգության հարցեր։
ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ադրբեջանական իշխանությունների՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու շարունակական քաղաքականության հետևանքները, հայտնում է ԱԳՆ-ն:
Այս համատեքստում ընդգծվել է միջազգային հանրության հստակ գործողությունների կարևորությունը`Արցախի պաշարումը վերացնելու և Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելու նպատակով։
Արարատ Միրզոյանը Յենս Ստոլտենբերգին է նաև ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա զարգացումները:
Նախարարը Բրյուսելում մասնակցում է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նիստին, կհանդիպի նաև ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ։
Նախորդ շաբաթ Հայաստանում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը: Հայաստանյան պաշտոնյաների հետ հանդիպմանը նա մտահոգություն էր հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կարևորել միջանցքի անխափան գործունեության ապահովումը: