Ոստիկանությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը ու Միգրացիայի ծառայությունը միավորած Ներքին գործերի նախարարությունը, որը պաշտոնապես կազմավորեց անցած ամիս, կգլխավորի արդեն նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանը։
Նախագահը երեկ երեկոյան ստորագրեց նրան ոստիկանապետի պաշտոնից ազատելու և ներքին գործերի նախարար նշանակելու հրամանագրերը։
Քաղհասարակությունը քննադատում է 48-ամյա Վահե Ղազարյանի նշանակումը։«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը պնդում է՝ նա ոստիկանությունում սկսված բարեփոխումների դեմ էր և այդ դիմադրության առաջամարտիկն էր։
«Մենք սա համարում ենք բարեփոխման գործընթացի տապալում։ Վահե Ղազարյանն անընդհատ փորձում էր ճնշել այն պարեկներին, ովքեր բարձրաստիճան պաշտոնյաներին էին կանգնեցնում և իրականացնում վարչարարություն։ Դեպքերը շատ էին լինում, այս մարդիկ տարբեր են, միգուցե լավն են, վատն են, կոռումպացված են կամ կոռումպացված չեն, իրենց միավորում է այն, որ իրենք որևիցե կերպ չեն կիսում ռեֆորմի արժեքները և շատ հաճախ ուղիղ տեքստով էին ասում տարբեր հանդիպումների ժամանակ, որ դեմ են ռեֆորմներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Ոստիկանության համակարգում սկսված բարեփոխումների վրա աշխատում էին նաև հասարակական կազմակերպությունները, այդ թվում՝ Դանիել Իոաննիսյանը։ Նա մտավախություն ունի, որ այս ընթացքում ունեցած փոքր հաջողությունները նույնպես վտանգվում են. «Ի դեմս պարեկային ծառայության, այնտեղ մենք հավանաբար նահանջ ենք ունենալու։ Այն լավ ավանդությունները, որոնք որ կային փրկարար ծառայությունում ձևավորված, ցավոք սրտի, մենք այնտե էլ, վախենամ, որ ունենալու ենք նահանջ»։
Իրավապաշտպանները կարծում են, որ նորաստեղծ նախարարությունը քաղաքացիական անձ պետք է ղեկավարեր։
«Մենք համոզված էինք, որ այս պաշտոնում պետք է նշանակվի մարդ, որը ոչ թե համակարգի ներսից է և դեմ է այդ փոփոխություններին, այլ մարդ, ով քաղաքացիական է, ով ուզում է փոխել։ Ով քաղաքական գործիչ է, քաղաքական թիմի անդամ է, անկախ նրանից, թե ով կլիներ և հասկանում է, ով երեք տարի հետո՝ գալիք ընտրություններին ընդառաջ ինքը պետք է հասարակությանը ցույց տա նոր ոստիկանություն, էապես փոխված ոստիկանություն», - շեշտեց Իոաննիսյանը։
Ո՛չ նորանշանակ նախարարը, ո՛չ էլ նրան այդ պաշտոնում առաջադրած վարչապետը հրապարակավ չեն արձագանքել քաղհասարակության քննադատությանը։
Ղազարյանը ոստիկանապետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականին։ Իրավապաշտպանները հիշատակում են նաև նրա ղեկավարման օրոք ոստիկանության բռնի գործողությունները՝ օրինակ, աշնանը Եռաբլուրում զոհերի ծնողների նկատմամբ ուժի կիրառումը։
Ներքին գործերի նախարարությունը ձևավորվել է Հայաստանի անկախացումից հետո՝ 90-ականների սկզբին: 1996 -ին այն միավորվել է Ազգային անվտանգության ծառայության հետ, ապա 99-ին կրկին առանձնացել։ 2002 -ից նախարարությունը վերանվանվել է Հայաստանի ոստիկանության: