Մատչելիության հղումներ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Արտաքին հետախուզական ծառայության ստեղծելու մասին օրինագիծը


Ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունը Արտաքին հետախուզական նոր ծառայություն ստեղծելով և այդ գործառույթը Ազգային անվտանգության ծառայությունից վերցնելով՝ թուլացնելու է արդեն իսկ գործող կառույցները։

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Արտաքին հետախուզական ծառայության ստեղծելու մասին կառավարության նախագիծը։

Այս նոր կառույցը գործելու է վարչապետի ենթակայության ներքո, և ինչպես հիմնական զեկուցող, Անվտանագության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բացատրեց, Արտաքին հետախուզական ծառայությունը ինֆորմացիա է հայթհայթելու, որը տրամադրելու է վարչապետին։ Ի տարբերություն ԱԱԾ-ում և Պաշտապանության նախարարությունում գործող համանման ստորաբաժանումների, այս նոր ծառայությունը, ըստ Գրիգորյանի, չի համարվի զինվորական ծառայություն, ինչը թույլ կտա կառույցը համալրել նոր մասնագետներով։

ԱԱԾ արտաքին հետախուզության դեպարտամենտը կշարունակի աշխատել ևս 3 տարի, որից հետո այն կդադադարի գործել և այդ գործառույթը ամբողջությամբ կիրականցնի նորաստեղծ ծառայությունը։ Արտաքին հետախուզական ծառայության պետը կդառնա Անվտանգության խորհրդի անդամ։

Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան

«Արտաքին հետախուզության ստեղծման հիմնական նպատակներից մեկը այն է, որ այս ծառայությունը կարողանա Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգության վերաբերյալ հայթայթի ինֆորմացիա, նույնիսկ հայթայթի այնպիսի ինֆորմացիա, որը հրապարակային հայտնի չէ, և այդ հայթայթած ինֆորմացիաների հիման վրա վերլուծություն կատարի, անվտանգության միջավայրի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրի վարչապետին, որի հիման վրա էլ պետք է որոշումներ կայացվեն։ Գործողություններ այս ծառայություն չի կատարելու հիմնականում։ Գործողությունների կատարումը այլ ծառայությունների վրա է», - ներկայացրեց Գրիգորյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղարն ասաց նաև, թե այս նոր ծառայության ստեղծմամբ նախատեսվում է Հայաստանում ձևավորել հետախուզական համայնք։ Թե ինչ է դա նշանակում, Արմեն Գրիգորյանը փակագծեր չբացեց։

Խորհրդարանական ընդդիմությունը մինչդեռ անհանգստացած է, որ իշխանությունը ի վերջո քանդելու է գործող Ազգային անվտանգության ծառայությունը։ Ընդդիմադիրների պնդմամբ՝ իշխանությունն այդպես էլ որևէ հիմնավորում չի ներկայացրել, թե որքանով է արդյունավետ գործելու նոր մարմինը։

Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է՝ վերջերս, երբ ընդունվեց Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենքը, իշխանությունն ասում էր, թե այդ նոր նախարարությունում միավորելով Ոստիկանությունը, Փրկակար և Միգրացիոն ծառայությունները, կմեծացնեն այդ մարմինների գործունեության արդյունավետությունը։ Հիմա արդեն հակառակ գործընթացն է՝ Ազգային անվտանգության ծառայությունից և Պաշտպանության նախարարությունից առանձնացնում են արտաքին հետախուզական ծառայությունը և նոր մարմին են ստեղծում. - «Որովհետև նույն ծառայությունը գործել է։ Սա նույն ծառայության մասին չէ խոսքը։ Եթե նոր ծառայություն ստեղծվեր, ես կասեի այո, դրա անհրաժեշտությունը կա, բոլոր պետությունները ունեն և այլն, և այլն։ Բայց այս իրավիճակում ծառայություն չի ստեղծվում, ուղղակի տարանջատում է տեղի ունենում։ Եթե այն տարանջատվում է կոնկրետ կառույցը թուլացնելու համար, կազմաքանդելու համար, ապա հիմնավորումների մեջ դա պետք ա ներկայացվի, ասվի, որ մենք վստահություն չունենք այսօրվա ԱԱԾ-ի ղեկավարության նկատմամբ, դրա համար տարանջատում-փոքրացնում ենք, որպեսզի կարողանանք հեշտ կառավարելի դարձնել»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը շեշտում է՝ իշխանությունը Արտաքին հետախուզական ծառություն ստեղծելու մասին օրինագիծը հապշտապ, առանց մասնագիտական քննարկման, արագացված կարգով բերեց խորհրդարան։ Անգամ Պաշտպանության հանձնաժողովում նախագիծը չքննարկվեց, իսկ ամբողջությամբ նոր կառույցի ձևավորման մասին Անվտանգության խորհրդի քարտուղարը ընդամենը 3 րոպե ելույթ ունեցավ։

Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան

Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանի պարզաբանմանը, թե Արտաքին հետախուզական ծառայությունը տեղակատվություն է տրամադրելու վարչապետին, ապա, ըստ Գեղամ Մանուկյանի, այդ գործառույթն այսօր էլ տարբեր կառույցներ ապահովում են. - «Իրականում սա հարված է լինելու Ազգային անվտանգության ծառայությանը։ Հայաստանը իր բնակչության թվակազմով, պետք է անկեղծ լինենք, չունի այդ պոտենցիալը՝ ամբողջական նոր ձևավորված հետախուզական կառույց ստեղծելու։ Սա կթուլացնի գործող կառույցները և' Ազգային անվտանգության ծառայությունում, և' Պաշտպանության նախարարությունում։ Նպատակը, ինձ թվում է, այն է, որ չի բացառվում նաև վեկտորի փոփոխության խնդիր կա։ Այսինքն՝ ո՞ր պետությունների գաղտնի ծառայությունների հետ է լինելու համագործակցությունը։ Որովհետև այս առումով իշխանությունները միշտ թիրախավորել են Ազգային անվտանգության ծառայությունը»։

Հայաստանի իշխանությունը ո՞ր երկրի մոդելն է ընտրել Արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու ճանապարհին։ Անվտանգության խորհրդի քարտուղարը վստահեցրեց՝ չկա կոնկրետ երկիր։ Իսկ օրերս Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի գլխավոր հետախույզի այցը, ըստ Գրիգորյանի, որևէ կապ չունի այս նոր կառույցի հետ. - «Հայաստանի ներքին գործընթացները կապել ինչ-որ այլ երկրների պաշտոնյաների հետ ժամանակակից Հայաստանում այդքան էլ տրամաբանական չէ»։

Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը իր ելույթում վստահեցրեց՝ Ազգային անվտանգության ծառայությունը համերաշխ է Արտաքին հետախուզական նոր ծառայություն ստեղծելու որոշման հետ, քանի որ ԱԱԾ-ի ծանրաբեռնվածությունը կթեթևանա և այդ մարմինը կկենտրոնանա երկու խնդիրների՝ հակահետախզության և ահաբեկչության դեմ պայքարի վրա։

Օրինագիծը երկրորդ ընթերցմամբ հավանաբար կընդունվի մինչև տարեվերջ։

XS
SM
MD
LG