Մատչելիության հղումներ

Վահե Ղազարյանը, ում անունը շրջանառվում է ՆԳ նախարարի պաշտոնում, ըստ իրավապաշտպանի՝ «դիմադրում է բարեփոխումներին»


Փաշինյանը խոստացավ ՆԳ նախարար նշանակել հաջորդ շաբաթ

Ո՞վ կզբաղեցնի նորաստեղծ ներքին գործերի նախարարի պաշտոնը՝ համակարգելով ոստիկանության, փրկարար, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում անուններ չտվեց՝ խոստանալով նախարարին և փոխնախարարներին նշանակել հաջորդ շաբաթ։

«Մենք արդեն ստեղծել ենք Ներքին գործերի նախարարություն և արդեն նախարարության ձևավորման փուլում ենք, և հաջորդ շաբաթ մենք արդեն նախարար և փոխնախարարներ կնշանակենք», - ասաց նա նիստին:

Մինչ նշանակումները ներքին գործերի նախարարի պաշտոնում ակտիվորեն շրջանառվում է գործող ոստիկանապետ Վահե Ղազարյանի անունը: 48-ամյա Ղազարյանը ոստիկանապետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականին, հեղափոխությունից հետո նա արդեն երրորդ ոստիկանապետն է։ Ծնունդով իջևանցի Վահե Ղազարյանը մինչև հեղափոխությունը ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետն էր։

«Վահե Ղազարյանը բարեփոխումների դիմադրության դրոշակակիր է»

Քաղհասարակության ներկայացուցիչները, սակայն, արդեն իսկ շտապել են հայտարարել՝ ներքին գործերի նախարարի պաշտոնում պետք է նշանակվի քաղաքացիական անձ և ոչ թե ոստիկանության ներկա կամ նախկին ծառայող, հակառակ դեպքում որևէ բարեփոխում, անգամ բովանդակային փոփոխություն չի կարելի ակնկալել։

«Ոստիկանության համակարգը դիմադրում է բարեփոխումներին, և այդ դիմադրության դրոշակակիր է դարձել Վահե Ղազարյանը», - ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը, ով նաև Ոստիկանական բարեփոխումների համակարգող խորհրդի անդամ է։

«Հիմա եթե ռեֆորմների դիմադրության դրոշակակիրը դառնա, ամենայն հարգանքով իր նկատմամբ, բայց եթե ինքը դառնա ներքին գործերի նախարար, ապա ռեֆորմը դրանով կանգնելու է, և նույնիսկ այն հաջողությունները, որոնք կան ռեֆորմի սահմաններում, հաստատ հետ են գնալու, օրինակ՝ այն հաջողությունը, որ պարեկային ծառայության համար բոլոր քաղաքացիները հավասար են, որ պարեկային ծառայությունը հանգիստ վարորդական իրավունքից կարող է զրկել իշխանական խմբակցության պատգամավորի, փոխնախարարի, դատավորի նույնիսկ փիլոնազրկի, այդ դրվածքը հաստատ, օրինակ, էլ չի լինելու, և մենք այլևս չենք ունենալու ծառայություն, որի համար բոլոր քաղաքացիները հավասար են:

Գիտեք՝ դեպքեր են եղել, երբ պարեկները կանգնեցրել են, օրինակ, մի բարձրաստիճան պաշտոնյայի, և այդ պարեկները Վահե Ղազարյանի կողմից գործից հեռացվել էին, և միայն որոշակի միջամտության արդյունքում այդ պրոցեսը դադարեց», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա:

Իոաննիսյանն ասում է՝ այսօր ունենք ոստիկանություն, որն, օրինակ, չի կարողանում հանցագործություններն այնպես բացահայտել, որ դրանք հասնեն դատարան։ Այս իրավիճակը փոխելու համար արմատական փոփոխություններ են պետք, ինչին, ըստ իրավապաշտպանների, գործող ոստիկանապետ Վահե Ղազարյանը դեմ է։

«Վերջին հինգ տարվա կտրվածքով սպանություն կատարած անձանց 27 տոկոսն է, որ հասել է դատարան, գողության կատարած անձանց՝ 11 տոկոսը», - նկատեց նա:

«Վահե Ղազարյանը հաջող նախարար կլինի»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, մինչդեռ, համաձայն չէ քաղհասարակության հետ։

Իշխանական պատգամավորի համոզմամբ՝ կարևոր չէ՝ ներքին գործերի նախարարը ոստիկանության համակարգից կլինի, թե քաղաքացիական անձ։ Կարևորն այն է, որ նորանշանակ նախարարը հաշվետու է լինելու խորհրդարանին, և պատգամավորները Ազգային ժողովում նրանից պարզաբանումներ ստանալու հնարավորություն կունենան։

Ոստիկանապետ Վահե Ղազարյանը, իշխանական պատգամավորի համոզմամբ, կարող է հաջող նախարար լինել. «Ես ինքս առիթ եմ ունեցել շփվել պարոն Ղազարյանի հետ, ոչ շատ, բայց մի երկու-երեք առիթ ունեցել եմ շփվելու, և նաև հետևելով իր աշխատանքի ոճին, իր մոտեցումներին՝ ես կարծում եմ, որ ինքը հաջող նախարար կլինի, եթե վարչապետն այդպիսի որոշում կայացնի»:

«Նախարարի պաշտոնում շրջանառվում է նաև Արմեն Փամբուխչյանի անունը»

Իշխող խմբակացության մեկ այլ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ ներքին գործերի նախարարի պաշտոնում ոստիկանապետ Վահե Ղազարյանից բացի, այլ անուններ էլ են շրջանառվում, օրինակ, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի թեկնածությունը։ Մելքոնյանը, սակայն, չի շտապում ասել, թե ում է տալիս նախապատվությունը՝ Վահե Ղազարյանին, թե Արմեն Փամբուխչյանին: Ասում է՝ որոշողը վարչապետն է:

«Ես, օրինակ, լսել եմ Արմեն Փամբուխչյանի անունը: Մարդ պիտի լինի, նախ առաջին հերթին, որ տիրապետի, թե ոստիկանության գործին, թե ԱԻՆ-ի գործին», - նշեց նա:

Հարցին՝ Վահե Ղազարյանին լավ թեկնածու դիտարկո՞ւմ է, ասաց. «Դա վարչապետն է որոշում, վարչապետն էլ նշանակելու է, ով ինչ ուզում է՝ թող ասի»:

Ներքին գործերի նախարարություն եղել է նաև 90-ականներին: Քսան տարի առաջ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, սակայն, կառույցը դարձավ ոստիկանություն։

Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանն ասում է, որ իրենք և իրենց գործընկեր կազմակերպությունները վաղուց էին պնդում, որ պետք է ստեղծվի Ներքին գործերի նախարարություն, որպեսզի ոլորտի քաղաքականությունը մշակողն ու իրականացնող նախարարը լինի քաղաքական պաշտոնյա, իսկ ոստիկանության հրամանատարը՝ կադրային ոստիկան, այսինքն քաղաքականության մշակողի և ոստիկանության հրամանատրի գործառույթները տարանջատված լինեն, ի տարբերություն այն կառույցի, որ գործում էր տասնամյակներ առաջ, երբ ներքին գործերի նախարարը իրականում նաև ոստիկանապետն էր։

Ներքին գործերի նախարարությունը ձևավորվել է Հայաստանի անկախացումից հետո՝ 90-ականների սկզբին: 1996 -ին այն միավորվել է Ազգային անվտանգության ծառայության հետ, ապա 99-ին կրկին առանձնացել։ Հայաստանի առաջին ներքին գործերի նախարարն էր Աշոտ Մանուչարյանը, նրան հաջորդել են Վալերի Պողոսյանը, Վանիկ Սիրադեղյանը, Սերժ Սարգսյանը և Հայկ Հարությունյանը։ 2002 -ից նախարարությունը վերանվանվել է Հայաստանի ոստիկանության: Շուրջ 20 տարի անց այն կրկին ստացավ նույն անունը՝ Ներքին գործերի նախարարություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG