Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը քննադատում է ՆԳՆ ստեղծելու` կառավարության ծրագիրը


Պետական պահպանության ծառայությունն (ՊՊԾ) Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) առանձնացնելու, ինչպես նաև Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ստեղծելու կառավարության առաջարկած նախագծերը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց միայն իշխանական պատգամավորների ձայներով։ Ընդդիմադիրները պնդում են՝ գործող իշխանությունը ամրապնդում է Հայաստանում «սուպերվարչապետության» համակարգը, իշխանությունը, թե՝ ժողովրդավարական բարեփոխումներ են անում՝ հիմնվելով զարգացած երկրների օրինակի վրա։

ՊՊԾ-ն ԱԱԾ-ից անցնելու է վարչապետ Փաշինյանի ուղիղ ենթակայության տակ, իշխանությունը բացատրում է՝ ԱԱԾ-ի ծանրաբեռնվածությունը կթեթևանա, կենտրոնացած կաշխատի երեք ուղղությամբ՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար ու սահմանադրական կարգի պահպանություն։

«Հայաստանի անվտանգային սպառնալիքների խորացմանը զուգահեռ ավելի խոշորանում և մեծանում են Նիկոլ Փաշինյանի և իշխանության վերնախավի անվտանգությունը և պաշտպանությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:


Օրինագծով նախատեսվում է սահմանափակել պաշտոնաթող ղեկավարների պետական պահպանության ժամկետը։ Այժմ պաշտոնաթող նախագահների անվտանգության պաշտպանությունը ցմահ է։ Իսկ փոփոխությունից հետո՝ նախագահինը կդառնա յոթ, վարչապետինը՝ տասը տարի։

Իսկ ահա ապագա Ներքին գործերի նախարարությունը իր մեջ կներառի Ոստիկանությունը, Միգրացիայի և Փրկարար ծառայությունները: Ոստիկանության պետը և Փրկարար ծառայության տնօրենները կդառնան ՆԳ նախարարի տեղակալները: Ենթակա մարմինների ղեկավարներին պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է վարչապետը` ներքին գործերի նախարարի առաջարկությամբ:

Ըստ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի՝ Ներքին գործերի նախարարության ստեղծումը որակական փոփոխություն կապահովի ոստիկանության բարեփոխումների շրջանակում. «Բովանդակային առումով սա ենթադրում է ոստիկանության ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության, ինչպես նաև քաղաքացիական վերահսկողության իրականացում»:

Լիլիթ Գալստյանն ընդունում է՝ ոստիկանության բարեփոխումների անհրաժեշտություն իսկապես կա։ Բայց ընդդիմադիր պատգամավորը չի կարծում, որ այս նախագծով ապաքաղաքական մարմին է ստեղծվում.
«Այն հիմնավորումը, որ բերվել էր Ոստիկանությունը վերափոխելու, վերակազմակերպելու իբրև նախարարություն, և հիմնական շեշտը այն հանգամանքի վրա էր, որ այսպիսով նրանք միտված են ապաքաղաքական, չեզոք, հանրության շահերը սպասարկող նախարարություն ստեղծելուն, բոլորովին սին են, և ես ինքս իմ անձնական փորձառությամբ ոստիկանական բաժանմունքներում ականատես եմ եղել ոստիկանների անմարդավայել, որ իրենց լիազորությունների, օրենքը խախտող վարքագծին, ո՞ւր մնաց, թե փակ դռների հետևում ինչ է կատարվում»:

Արդյոք հնարավոր է ապաքաղաքական մարմին ստեղծել, արդարադատության փոխնախարարը վստահեցրեց՝ նման հանձնարարական անձամբ վարչապետից են ստացել. «Կառավարության ղեկավարի մակարդակով խնդիր է դրվել ունենալ այնպիսի Ոստիկանություն, որը զերծ կլինի քաղաքական տարբեր միջամտություններից և քաղաքական տարբեր նրբերանգներն իր վրա կրելուց: Ըստ այդմ, այս նախարարությունը կլինի այն պաշտպանող միջավայրը, որը թույլ կտա Ոստիկանությանը պրակտիկ կերպով իրականացնել ապաքաղաքական գործունեություն»:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, արձագանքնելով քննադատությանը, ընդդիմադիր խմբակցություններին համագործակցելու առաջարկ արեց. «Ես առաջարկում եմ, որպեսզի միասին աշխատենք տարբեր աշխատանքային քննարկումների, հանձնաժողովների նիստերի մակարդակում: Դուք խոսում եք բովանդակային քննարկումներից, բայց բովանդակային քննարկումների գլխավոր միջավայրը հանձնաժողովի նիստերն են, որտեղ չեք գալիս։ Գալիս եք, արդեն քաղաքական բարձր ամբիոնից քաղաքական տեքստերի մակարդակով եք միայն ձեր հայտարարություններն անում»։


Իշխանության նախաձեռնած փոփոխություններին հետևող իրավապաշտպաններն էլ կարծում են, որ կառուցվածքային այս փոփոխություններն այդպես էլ բարեփոխում չեն դառնա, եթե լուրջ ուշադրություն չդարձվի այս պահին Ոստիկանությունում եղած խնդիրներին։ Խորհրդարանում բավականին երկար քննարկված այս նախագծերի երկրորդ ընթերցումը հաջորդ շաբաթ տեղի կունենա։

XS
SM
MD
LG