Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն տվեց  ՆԳՆ ստեղծելու առաջարկին


Կառավարությունը հավանություն տվեց Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ստեղծելու Արդարադատության նախարարության առաջարկին։

Նոր ստեղծվելիք նախարարությունը ներառելու է երեք խոշոր ծառայություն՝ Ոստիկանություն, Փրկարար ծառայություն, Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։

Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանի խոսքով՝ նախարարությունում կկենտրոնացվի 5 հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր։

Նոր նախարարության ստեղծումը թույլ կտա ապահովել թե՛ խորհրդարանական, թե՛ քաղաքացիական վերահսկողություն, ինչպես նաև այն կդառնա ոլորտի բարեփոխումների իրագործողն ու պատասխանատուն, ասաց փոխնախարարը՝ նշելով, որ ծառայությունների ղեկավարները նշանակվելու են վարչապետի կողմից, իսկ տեղակալաները ՆԳ նախարարի առաջարկությամբ նշանակվելու և ազատվելու են կրկին վարչապետի կողմից։

«Այս փոփոխության ամենախորքային և ամենահեռանկարային իմաստը նոր ստանդարտի Ոստիկանություն և նոր ստանդարտի Փրկարար ծառայություն ունենալն է և, ընդհանուր առմամբ, ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու մասին է», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիմա Ոստիկանությունը կառավարությանն առընթեր մարմին է, ղեկավարը՝ ապակուսակցական։

Իշխանականների հիմնավորումները, թե Ներքին գործերի նախարարություն են ստեղծում, որ բարեփոխեն Ոստիկանությունը, ընդդիմադիրների համար համոզիչ չէ։ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասում էր՝ իր տպավորությամբ «իշխանությունը փորձում է տարբեր մարդկանց համար տարբեր պաշտոններ, տարբեր կառույցներ ստեղծել և դրանք ըստ նպատակահարմարության կիրառել»։

Ներքին գործերի նախարարություն եղել է նաև 90-ականներին, Ոստիկանություն դարձավ Ռոբերտ Քոչարյանի օրոք 2002 թվականից։

XS
SM
MD
LG