Մատչելիության հղումներ

Խաղաղության պայմանագիրը մեզ համար կապիտուլյացիա է լինելու, ԱԺ-ը պետք է սահմաներ ՀՀ-ի կարմիր գծերը. ընդդիմադիրներ


Մինչ Բաքուն ավելացնում է Հայաստանից իր պահանջները, Երևանն՝ ի դեմս վարչապետի, և խոսում է Ադրբեջանի կողմից նախապատրաստվող ռազմական հարձակման, Արցախում ցեղասպանության մասին, և խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամություն հայտնում։

«Բոլոր նախանշանները կան՝ պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում: Պիտի նաև վերահաստատեմ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների դելիմիտացիան ավարտին հասցնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու Հայաստանի պատրաստակամությունն ու հաստատակամությունը», - ասում է Նիկոլ Փաշինյանը:

«Ես այստեղ տեսնում եմ հետևողականություն, Փաշինյանը հետևողականորեն ինքն իրեն միշտ հակասում է», - «Ազատության» հետ զրույցում նշում է խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նա կարծում է՝ հակասական հայտարարություններով Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն է ապահովագրում. «Խաղաղության պայմանագիրը մեզ համար կապիտուլյացիա է լինելու, որովհետև մենք կորցնելու ենք մեր բոլոր պահանջները, խաղաղության պայմանագիրը պետք է հետևեր Արցախի քաղաքական լուծմանը, բայց քանի որ Փաշինյանն ինքը նաև վստահ չէ, որ կարող է իր քաղաքականությունը հաջողել, որովհետև մինչև այսօր իր վարած ամբողջ քաղաքականության ձախողում է եղել, ինքն իրեն ապահովագրում է, ասում է՝ դե հա, մենք գնում ենք խաղաղության, բայց Ադրբեջանը սրիկա է, կարող է խաղաղություն չլինի»:

Մի շարք պահանջների շրջանակներում երկու օր առաջ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը Երևանից պահանջեց վերադարձնել նաև ութ գյուղերը, իրենց հետ համաձայնեցնել ընդհուպ Եվրամիության նոր առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի Հայաստանի հատվածում։

Նախ Ալիևի, ապա Բայրամովի հայտարարություններից դատելով` խոսքը Տավուշի մարզի Վերին Ոսկեպար, Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում, Խեյրիմլի, Սոֆուլու, Բարխուդարլու, Ղըզըլհաջըլը գյուղերի և Արարատի մարզի Տիգրանաշենի՝ նախկին Քյարքիի մասին է: Պաշտոնական Երևանը չի արձագանքել Բայրամովի վերջին հայտարարություններին։

Ընդդիմադիր պատգամավորը կարծում է՝ Ադրբեջանը հրապարակայնացնում է իր բոլոր պահանջները: Ինչքան գնում ես զիջումների, այնքան հակառակորդն ավելի շատ է պահանջում, ասում է։

«Ադրբեջանն ամբողջ մենյուն հրապարակայնացնում է, բայց Փաշինյանն ինքը բառացի ասել է, ասա՝ ի՞նչ սահմաններում ես պատրաստ Հայաստանը ճանաչես, նա էլ ասում է՝ Ղարաբաղի մասին մոռանում ես, ութ գյուղերը վերադարձնում ես: Վերադարձնում ես, փոխանակման մասին խոսք չկա, որովհետև սրանից ամիսներ առաջ Փաշինյանը նաև փոխանակման մասին էր խոսում՝ Տիգրանաշենով անցնում է ճանապարհը դեպի Իրան, դեպի Սյունիք ու Վայոց Ձոր, Ոսկեպարով անցնում է մեր ճանապարհը դեպի Վրաստան, Նոյեմբերյան, Տավուշ: Ադրբեջանի ուզածի ռազմավարական նշանակությունը շատ մեծ է», - նկատեց Արթուր Խաչատրյանը:

Անկալվների մասին իր վերջին հայտարարությունից առաջ Ադրբեջանի արտգործնախարարը նաև պնդել էր, թե Հայաստանը խոստացել է այդ գյուղերն «ազատել», սակայն չի պահել պայմանավորվածությունը: Արարատ Միրզոյանը հերքեց Ջեյհուն Բայրամովի պնդումը: Ոչ եռակողմ հայտարարությամբ, ոչ էլ այլ կերպ նման պարտավորություն Հայաստանը չի ստանձնել, ասաց արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ադրբեջանի հրապարակած խաղաղության պայմանագրի սկզբունքներում այսպես կոչված «անկլավների» մասին որևէ ուղիղ խոսք չկար։ Հիմա Երևանն ու Բաքուն ի՞նչ են բանակցում, երբ իրար են փոխանցում խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ նկատառումներ, հայտնի չէ։ Մանրամասները չեն հրապարակվում։ Արտաքին գործերի նախարարությունից միայն հաջողվեց պարզել՝ Հայաստան Ադրբեջանին է փոխանցել հարաբերությունների կարգավորման փաստաթղթի առնչությամբ իր առաջարկները։ Սա ի պատասխան Ադրբեջանի փոխանցած նկատառումների։

Երբ բանակցություններին մասնակցող Հայաստանը փաստագրված չի ներկայացնում իր կարմիր գծերը, ասում է՝ ամեն ինչ բանակցելի է, ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի կարծիքն է: Նա կրկին հիշեցնում է իրենց պահանջը՝ ԱԺ-ը պետք է սահմաներ Հայաստանի կարմիր գծերը. «Այն կռվանը, որ բերում են իշխանականները, որ խելոք մնանք, Արցախի անունը Հայաստանի Հանրապետւթյան Ազգային ժողովում չտանք և այլն, որևէ կերպ չի փրկում կամ ապահովագրում Հայաստանն ու Արցախը նոր էսկալացիայից կամ ագրեսիայից Ադրբեջանի կողմից: Իրենց գործելաոճը հակառակորդին հուշում է հետևյալը՝ ամեն ինչ բանակցային սեղանի վրա է, որի արդյունքում Ադրբեջանը փորձում է նորանոր լծակներով սեղմել, ազդեցություն գործել երկու հայկական հանրապետությունների վրա՝ ստանալու համար իր անարդար պահանջների ապահովումը»:

Իշխանության ներկայացուցիչներն այսօր ողջ օրը «Ազատության» զանգերին չպատասխանեցին։ Ավելի վաղ նրանց հայտարարությունը սա էր. «Հայաստանի կարմիր գծերը, ըստ էության, ֆիքսված են. 29.800 քառ. կմ սուվերեն տարածքը մեզ համար կարմիր գիծ է»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG