Հետպատերազմյան բանակցություններից երկու տարի անց հայկական կողմը հայտարարում է՝ միակ հարցը, որի շուրջ Ադրբեջանի հետ համաձայնության են եկել, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, մյուս բոլոր հարցերում Երևանի ու Բաքվի դիրքորոշումները չեն համընկնում։ Ավելին՝ կողմերը միմյանց են մեղադրում իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ անելու համար։
Նախ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարեց, թե իր ու Ադրբեջանի նախագահի օգնականի վաշինգտոնյան հանդիպումից հետո համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որի շրջանակներում Ստեփանակերտն ու Բաքուն պետք է քննարկեին Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը:
Հիքմեթ Հաջիևի արձագանքը չուշացավ, նա կեղծիք որակեց Գրիգորյանի հայտարարությունը՝ պնդելով, թե միջազգային մեխանիզմ ստեղծելու որևէ համաձայնություն ձեռք չի բերվել։ Ավելին, ըստ Հաջիևի, սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի կազմակերպած հանդիպմանը ևս մեկ անգամ շեշտել են, որ Ադրբեջանը չի քննարկելու «Ղարաբաղում ապրող հայ բնակչության անվտանգության և իրավունքների հարցերը» որևէ միջազգային գործընեկերոջ հետ և որ դա իրենց ներքին գործն է։
Այսօր արդեն խորհրդարանում պատասխանելով իշխանական պատգամավորի հարցին՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգոյանը հերքեց Հաջիևի խոսքերը՝ պնդելով, թե պայմանավորվածությունը ձեռք բերելու ժամանակ սենյակում մենակ չեն եղել. - «Ինձ երբեմն թվում է, թե կան բաներ, որոնք հնարավոր չի հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան։ Բանակցությունները որ ընթացել են, սենյակում միայն հայկական կողմը չի եղել, ամերիկյան կողմն էլ է եղել, և կա արձանագրություն դրա մասին, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ է։ Եվ ես զարմանում եմ, որ հերքվում է փաստված բաները»։
Առայսօր հայկական կողմը հրապարակավ չէր հայտարարել, թե Ադրբեջանի հետ կոնկրետ պայմանավորվածություն կա Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունների համար միջազգային մեխանիզմ ստեղծելու շուրջ։ Պաշտոնական Երևանը նշում էր, թե այդ հարցով քննարկումներ են ընթանքում, և որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրում Ղարաբաղի հարցը չպետք է ներառել։
Այսօր արդեն Արմեն Գրիգորյանը փակագծեր բացեց՝ ասելով, թե ինչու էին որոշել խաղաղության պայմանագրից դուրս թողնել Ղարաբաղի հարցը. - «Ինչո՞ւ է հայկական կողմը եկել այն եզրակացության, որ այդ հարցերը տարանջատված մնան։ Որովհետև երբ որ մենք Վաշինգտոնում քննարկումներ ենք ունեցել և ավելի հստակություն է ստեղծվել միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, մենք հավանություն ենք տվել, որ հարցերը տարանջատվեն։ Բայց երբ որ միջազգային մեխանիզմի վերաբերյալ որևէ հստակություն չկա, ապա դա դժվարացնում է հայկական կողմին խաղաղության պայմանագրի մասով առաջ գնալ»։
Չնայած Բաքվից ու Երևանից հնչող իրարամերժ հայտարարություններին՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ասաց, թե շարունակելու են մեխանիզմներ փնտրել, որոնց շրջանակներում Ղարաբաղի և Ադրբեջանի միջև քննարկումներ տեղի կունենան Արցախի հայերի անվտանգության և իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
Արմեն Գրիգորյանն ընդգծեց, թե վերջին շրջանում միջազգային գործընկերների կողմից հետաքրքրություն են տեսել այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու համար։
Պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝ ե՞րբ է իշխանությունը ժողովրդին ներկայացնելու, թե խաղաղության պայմանագրի ինչ տեքստի վրա են աշխատում, որը հայկական կողմն իր լրացումներով կրկին պետք է փոխանցի Ադրբեջանին՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ասաց, թե բանակցային առանձնահատկությունները հաշվի առնելով չեն հրապարակել այդ տեքստը, բայց բոլորին հայտնի են այն խնդիրները, որոնք գույություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա, ճանապարհների ապաշրջափակում և հումանիտար հարցեր։
«Կա՞ մի բան, որի շուրջ համաձայնություն եք ձեռք բերել Ադրբեջանի հետ։ Փաստորեն երեք խմբագրումներ է անցել տեքստը ըստ էության», - հարցրեց Խամոյանը։
Գրիգորյանի պատասխանը. - «Ցավալի բան պետք է ասեմ, բայց կա մեկ կետ, որի շուրջ համաձայնություն կա։ Այդ կետը դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատելն է։ Մնացած բոլոր կետերում չկա հստակ համաձայնություն»։
Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ Բաքվի այն մոտեցումը, թե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, թույլ չի տալիս խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում առաջ գնալ. - «Ղարաբաղյան հարցը ադրբեջանական կողմի համար դարձել է փիղը սենյակում, այսինքն՝ խնդիրը կա, բայց փորձում են ձևացնել, որ այդ խնդիրը չկա»։