Ծանր վիճակում գտնվող 3 հիվանդ Արցախից Կարմիր խաչ միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր տեղափոխվել է Հայաստան, փոխանցում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Նախարարությունը նշում, է որ երեք հիվանդներն օրեր շարունակ գտնվել են Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոնում»՝ ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ։
Օրեր առաջ էլ Լաչինի միջանցքով երկու շտապօգնության մեքենաներ են անցել Կարմիր խաչի մի քանի մեքենաների ուղեկցությամբ. Արցախից Երևան են տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 62-ամյա տղամարդու ու 4 ամսական փոքրիկի:
Արդեն 17 օր է Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։
Արցախից ահազանգում են՝ սննդի, դեղորայքի դեֆիցիտ կա, խնդիրներ են սկսել առաջանալ նաև տնտեսական ոլորտում։