Մատչելիության հղումներ

Արցախում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում


Արցախի հիվանդանոցներից մեկը, արխիվ
Արցախի հիվանդանոցներից մեկը, արխիվ

Արցախում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ օրերս Երևան տեղափոխված 4 ամսական փոքրիկը շարունակում է բուժումը Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոնում և վիճակը կայունանում է:

Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են, շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները, ասված է հաղորդագրությունում։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեկ բեռնատար կիրակի օրը Հայաստանից մոտ 10 տոննա բեռ է հասցրել Արցախ, որը ներառել է մանկական սնունդ, դեղորայք և սննդամթերք առողջապահական հաստատությունների համար:

Արցախի առողջապահության նախարարությունն այսօր տեղեկացնում է, որ դեղորայքը բաշխվելու է հանրապետության բուժհաստատություններին՝ բավարարելով 10 օրվա պահանջարկը։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Արցախից ահազանգում են՝ սննդի, դեղորայքի դեֆիցիտ կա, խնդիրներ են սկսել առաջանալ նաև տնտեսական ոլորտում։

Միջազգային հանրությունը, մեծ թվով պետությունների արտաքին գերատեսչություններ և իրավապաշտպան կազմակերպություններ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչներ պահանջում են անմիջապես վերացնել արգելափակումը, որը մարդասիրական ծանր ճգնաժամ է առաջացնում Լեռնային Ղարաբաղում:

XS
SM
MD
LG