Շատ բարդ է իրավիճակը, 264 ժամ արդեն շարունակվում է բլոկադան, այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ նկատելով՝ ամեն մի ժամն ավելացնում է մարդկանց և՛ անհանգստությունը, և՛ մտահոգությունը, թե որն է ելքը։
«Մենք ամեն ինչ կամաց-կամաց գցում ենք հունի մեջ», - ասաց Վարդանյանը հույս հայտնելով, որ «այն նպատակը, որ դրել ենք կիրակի օրվա հետ կապված, մենք կիրականացնենք»։ Թե ինչ նպատակի մասին է խոսքը, Վարդանյանը չհստակեցրեց։
«Չնայած ամեն ինչին, մենք հաղաթահարելու ենք այս դժվարությունները», - ասաց Արցախի պետնախարարը՝ շեշտելով․ - «Հաղթահարելու ենք, որովհետև ոչ թե ինչ-որ մեկը մեզ օգնելու է, այլ որովհետև մենք մեր մեջ էդ ուժն ունենք»։
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։