Լաչինի միջանցքով Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը Ստեփանակերտից Երևան է տեղափոխել ծանր վիճակում գտնվող 4-ամսական երեխայի։
«Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իր մեքենաներով, Հայաստան է տեղափոխել 4 ամսական երեխային՝ Լաչինի միջանցքով։ Երեխան անհետաձգելի բուժօգնության կարիք ուներ», - «Ազատությանը» փոխանցեցԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Փոքրիկը դեկտեմբերի 16-ից բուժում էր ստանում Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորումում։ Դեկտեմբերի 17-ին արդեն նրան Երևան տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացել։
«Ինքն ուներ «Վիսցերալ լեյշմանիոզ» ախտորոշումը, մեզ մոտ պառկած էր դեկտեմբերի 16-ից, 17-ին մենք հաստատել ենք ախտորոշումը, բայց ոչ մի հնարավորություն չունեինք տեղափոխելու։ Հիվանդությունը խիստ սպեցիֆիկ է, միշտ բուժվել է Երևանում՝ մասնագիտացված կենտրոնում, թե՛ մենք, թե՛ ծնողը դիմել ենք տարբեր կառույցներ և ստացել պատասխան, որ այս պահին ոչ մի ձև հնարավոր չի լինելու անցնել և մենք ստիպված բուժումը սկսել ենք մեզ մոտ՝ հասկանալով, որ երեխայի վիճակը ծանր է և պրոգրեսիվ կվատանա», - «Ազատությանը» փոխանցեց «Արևիկ» բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Մելքումյանը։
Ստեփանակերտից երեկ հայտնել էին՝ Հանրապետական բժշկական կենտրոնում էլ ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում 7 հիվանդ կա։ Արդյոք հայկական կողմը դիմել է Կարմիր խաչին նրանց ևս Հայաստան տեղափոխելու համար, Արցախի առողջապահության նախարարությունից չէին հստակեցրել։
«Մենք պատրաստ ենք միջնորդելու, որպեսզի այդ գործողությունը կատարվի ինչքան հնարավոր է արագ, երբ որ մենք ստանում ենք համապատասխան դիմում, և կարող եմ հաստատել, որ այդ տեսակի հարցերը մենք քննարկում ենք կազմակերպության տարբեր գրասենյակների միջոցով՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլ նաև Երևանում, Բաքվում պատկան մարմինների, իշխանությունների հետ, որպեսզի այդ գործընթացն, անհրաժեշտության դեպքում, լինի սահուն և կատարվի, ըստ անհրաժեշտության, արագ», - ասաց Ամատունին։
Լաչինի միջանցքը արգելափակման պայմաններում Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից Հայաստան հիվանդ էր տեղափոխվել նաև դեկտեմբերի 19-ին։ Շտապօգնությամբ սրտի հրատապ վիրահատության կարիք ունեցող 62-ամյա արցախցուն Երևան էին բերել։
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակից հայտնում են՝ կազմակերպությունը նաև համաձայնություն ունի Ստեփանակերտ անհրաժեշտ դեղորայք տեղափոխելու համար։
«Մեքենաների հետադարձ ճանապարհին նախատեսվում է տեղափոխել որոշակի քանակությամբ դեղորայք։ Քանակի, տեսակի մասին չենք կարող խոսել, կարող եմ հաստատել, որ այդ տեղափոխումը և՛ս կատարվում է ըստ կարիքի և այդ կարիքի մասին մեզ հաղորդել են համապատասխան կառույցները՝ որոշում կայացնողները», - ասաց Զառա Ամատունին։
Արցախում սննդի, դեղորայքի որոշ տեսակների պակաս կա արդեն, մանկական կերեր շատերը դեղատներում չեն գտնում։ Մինչ այդ բնապահպան ներակայացող ադրբեջանցիներն արդեն 13 օր փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Ժամանակն է բացել ճանապարհը և Արցախի իշխանությունների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Արցախցիները պատրաստվում են նաև վաղը հանրահավաքի դուրս գալ։