Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյանը հրաժարվում է լքել Ղարաբաղը


Նոյեմբերի սկզբին Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակված Ռուբեն Վարդանյանը չի պատրաստվում հեռանալ այդ տարածաշրջանից։ Այս մասին Վարդանյանը հայտարարել է ուրբաթ երեկոյան՝ ռուսական РБК հեռուստաընկերության եթերում։

«Ես 20 տարի է գալիս եմ Արցախ։ Ես բազմաթիվ ծրագրեր եմ այստեղ իրականացրել, կազմակերպել եմ Շուշիում գտնվող մզկիթի վերականգնումը։ Ես արցախյան արմատներ ունեմ, իմ տատն այստեղից է։ Ես այստեղ տուն ունեմ և այդքան էլ չեմ հասկանում, թե ինչու պետք է հեռանամ այստեղից։ Ես միշտ այնպես եմ արել, որ Արցախի և Ադրբեջանական Հանրապետության ժողովուրդները կարողանան ապրել կողք կողքի բայց ոչ միասին։ Դա հակամարտությունից խուսափելու միակ հնարավորությունն է բոլոր կողմերի համար», - հայտարարել է Վարդանյանը։

Մեկնաբանելով Հայաստանի ԱԳ նախարարի՝ մոսկովյան եռակողմ հանդիպմանը չմասնակցելու որոշումը՝ Վարդանյանը կարծիք է հայտնել, որ ավելի լավ կլիներ, եթե Արարատ Միրզոյանը մեկներ Մոսկվա։

«Դա Հայաստանի արտգործնախարարի և թերևս վարչապետի որոշումն էր։ Կարծում եմ, որ ավելի լավ կլիներ, եթե նրանք իրենց տեսակետն, այդ թվում՝ Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, հասցնեին Սերգեյ Լավրովին, որը, կարծում եմ, մինչև վերջ տեղեկացված չէր, թե ինչ է կատարվում և թե ով է հրաժարվել որոշումներից», - նշել է Վարդանյանը։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։

Միջազգային հանրությունը, մեծ թվով պետությունների արտաքին գերատեսչություններ և իրավապաշտպան կազմակերպություններ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչներ պահանջում են անմիջապես վերացնել արգելափակումը, որը մարդասիրական ծանր ճգնաժամ է առաջացնում Լեռնային Ղարաբաղում:

XS
SM
MD
LG