Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ի պահանջի չկատարման դեպքում կարող է քննարկվել Բաքվի նկատմամբ պատժամիջոցների հարցը. Կիրակոսյան


Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը հանգուցալուծելու վերաբերյալ Հայաստանի երկու պահանջներից միայն մեկն է բավարարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) իր միջանկյալ որոշմամբ։

Միջազգային դատարանը Բաքվին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու միջանցքով Հայաստանում բուժման կարիք ունեցող ծանր հիվանդների և ճանապարհին առանց սննդի և գոյության անհրաժեշտ միջոցների մնացած այլոց տեղաշարժը, նաև վերականգնել գազամատակարարումը։ Միջանցքը բացելու ուղիղ պահանջ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին չի ներկայացրել։

Չնայած որոշումն ուժի մեջ է երեկվանից, Բաքուն, սակայն, դեռ չի կատարել այն՝ թույլ տալով ճամփին մնացածներին տուն հասնել, իսկ հիվանդներին բուժման՝ Երևան։ Արդեն 11 օր է՝ Ադրբեջանի քաղաքացիները փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

«Սա նշանակում է, որ առաջին հերթին դե առողջական խնդիրներ ունեցողները պարզ է, ակնհայտ է, երկրորդ հերթին՝ մարդիկ, ովքեր մնացել են ճանապարհին, առանց օթևանի կամ առանց ապրուստի միջոցների, այսինքն՝ Արցախում են մնացել, կամ մնացել են Հայաստանում, կամ Արցախից Հայաստան, կամ Հայաստանից Արցախ ճանապարհին, անկախ նրանից, թե որ հատվածում են, իրենք իրավունք ունենք, Ադրբեջանը պարտավոր է ապահովել այդ մարդկանց անվտանգ անցումն իր ճանապարհով: Սա է շրջանակը, կարծում եմ, այն, ինչ որ գրված է որոշման մեջ», - ասաց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Նրա գնահատմամբ՝ ՄԻԵԴ-ի որոշումը արտացոլում է օբյեկտիվ իրականությունը։ Ինչո՞ւ չի բավարարվել հայկական կողմի հիմնական՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջը, Եղիշե Կիրակոսյանը պատասխանում է. «Դատարանից ակնկալել, որ ինքը միայն ասելու էր, որ բացեք ընդհանրապես, դա սխալ կլիներ, որովհետև դատարանը երբեք այդպիսի բան չէր ասի, որովհետև դատարանը ցանկացած իր գործողություն պետք է կապի կոնկրետ իրավունքի հետ, այս դեպքում երկրորդ, երրորդ հոդվածներով իրավունքի արժեքների հետ: Դատարանն ունի որոշակի սահմանափակվածություններ, այսինքն՝ դատարանը միջանկյալ միջոց կիրառելու շրջանակը կամ այդ գործերի շրջանակը, իր նախադեպային իրավունքի տրամաբանության տակ սահմանափակված է կոնվենցիայի երկրորդ՝ կյանքի իրավունքը պաշտպանող և երրորդ, որը անմարդկային, դաժան, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքի հոդվածն է»:

Եվրադատարանը Ադրբեջանին ցուցում է տվել ազատ տեղաշարժ ապահովել հիվանդների և անօթևանների համար, բայց արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիները այս որոշմամբ կարող են մեկնել Արցախ, կամ Արցախի բնակիչը, որ հիվանդ չէ ու սննդի կարիք չունի, արդյո՞ք Ստրասբուրգի դատարանի որոշմամբ կարող է մեկնել Երևան։ Կիրակոսյանն այստեղ հիշատակում է դատարանի հղումը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ինչը հենց այնպես չէր արվի։ Ըստ դրա 6-րդ կետի՝ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով։

Բաքուն աչքի չի ընկնում Եվրոպական դատարանի որոշումներն ու վճիռները ի կատար ածելով, ի՞նչ կլինի, եթե երեկվա որոշումն էլ մնա թղթի վրա: Ըստ Հայաստանի կառավարության ներկայացուցչի՝ այս հարցը կհասնի մինչև Եվրոպայի խորհուրդ, կքննարկվի Բաքվի նկատմամբ քաղաքական պատժամիջոցների հարցը:

Ի վերջո, ինչպե՞ս պետք է Ադրբեջանը կատարի այս որոշումը, երբ Եվրոպական դատարան ներկայացրած իր փաստարկներում պնդել է, թե ինքը կապ չունի Լաչինի միջանցքի հետ, ավելին՝ ռուս խաղաղապահներն են փակել ճանապարհը, իսկ էկոակտիվիստներն էլ ընդամենը բողոքի ակցիա են անում։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով՝ Բաքուն պետք է նրանց հորդորի բացել ճանապարհը, հակառակ դեպքում պետք է ոստիկանությանը գործի դնի այնպես, ինչպես անում է սովորաբար:

«Օրենքով սահմանված կարգով պետք է ցրի իրենց, ուժ պիտի կիրառի, սովորաբավար ոնց են հանրահավաքում, հիմա իրենք պատկերացրեք՝ այդտեղ հավաք են անում: Դա հավաքների ազատության իրավունքով է, որը օրենքի խախտում է: Վստահ եմ՝ Ադրբեջանի օրենքն էլ է խախտում, որովհետև Ադրբեջանի օրենքով էլ Վենետիկի հանձնաժողովը փորձաքննություն է անցել, ու ճանապարհը իրավունք չունեն փակել», - նշեց նա:

ՄԻԵԴ-ի երեկվա որոշումն ընդդեմ Ադրբեջանի այս տարեսկզբին ներկայացրած հիմնական գանգատի շրջանակում է։ Եվրոպական դատարանը իր վճռում կարող է անդրադառնալ այս հարցին՝ Լաչինի միջանցքը փակ պահելով՝ արդյո՞ք Ադրբեջանը խախտել է արցախցիների կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքները, քննությունը, սակայն, կարող է տարիներ ձգվել։

ՄԻԵԴ-ի պահանջը չկատարելու օրինակ է ընդդեմ Մոսկվայի որոշումը։ Ուկրաինան այս տարեկսզբին դիմել էր ՄԻԵԴ՝ խնդրելով պարտավորեցնել Մոսկվային դադարեցնել քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումը, և չնայած Եվրադատարանը բավարարել էր Ուկրաինայի դիմումը, բայց մինչ օրս ընդդեմ Մոսկվայի կայացված այս որոշումը մնում է թղթի վրա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG