Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը դիմումներ է հղել Քույր Եկեղեցիների պետերին, միջեկեղեցական կազմակերպություններին


Մայր Աթոռը դիմումներ է հղել Քույր Եկեղեցիների պետերին, միջազգային ու միջեկեղեցական կազմակերպություններին՝ Ադրբեջանի գործողություններին հակազդելու և արցախահայության հումանիտար աղետալի իրավիճակը հաղթահարելու համար, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հորդորել է նաև Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ «մարդասիրական իր կոչմանը հավատարիմ, շոշափելի և առարկայական քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանական հրահրիչ գործողությունները բացառելու համար»:

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը՝ բնապահպանական կեղծ պատճառաբանություններով Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակումը, ինչի հետևանքով վտանգվել են արցախցիների կենսական իրավունքները՝ կանգնեցնելով արցախահայությանը հումանիտար աղետի առաջ», - հայտարարում է Մայր Աթոռը՝ շարունակելով․ - «Սպասում ենք, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատականներ կտա մարդու իրավունքների հիմնարար նորմերը ոտնահարող Ադրբեջանի սադրանքներին, որոնք մեծապես վտանգում են տարածաշրջանի փխրուն խաղաղությունը և կայունությունը»:

Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակ է դեկտեմբերի 12-ի առավոտից։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել, խարույկ վառել, ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Երեկ երեկոյան էլ Ադրբեջանը խափանել է նաև Արցախի գազամատակարարումը: Արդեն երրորդ օրն է՝ Ստեփանակերտից ահազանգում են՝ փակ ճանապարհի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամ է հասունանում։

XS
SM
MD
LG