Ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտագործելով արցախցիների ֆեյսբուքյան էջեր, Արցախի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում, հաղորդում է Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը:
«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում», - ասված է հաղորդագրությունում:
Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունն էլ հերթական հաղորդագրությունն է տարածել՝ նշելով, որ 13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը։
«Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ», - ասված է հաղորդագրությունում: