Մատչելիության հղումներ

Տեսնում ենք լարվածություն նաև Լեռնային Ղարաբաղում. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը


Բիշքեկում սկսվել է Պուտին-Փաշինյան հանդիպումը։ Բանակցությունների մեկնարկին Հայաստանի վարչապետը առաջարկել է խոսել տարածաշրջանային անվտանգության մասին՝ ընդգծելով «լարվածության աճը Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»։

«Իրավիճակը մեզ մոտ մնում է լարված։ Մեր տարածաշրջանում գլխավոր հարցը մնում է ղարաբաղյան կարգավորումը։ Ցավոք, մենք տեսնում ենք նաև լարվածություն Լեռնային Ղարաբաղում՝ ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում»,- բացելով հանդիպումը՝ ասել է Փաշինյանը՝ խոսելով Լաչինի միջանցքում տեղի ունեցած վերջին զարգացումների՝ ճանապարհը փակելու ադրբեջանական փորձերի մասին։

«Լեռնային Ղարաբաղում լուրջ մտավախություններ կան այս առիթով։ Եվ ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր հարցերը»,- ասել է Փաշինյանը։

Պուտինն իր հերթին հիշեցրել է, որ Փաշինյանի հետ վերջին հանդիպումը տեղի էր ունեցել շաբաթներ առաջ Երևանում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի շրջանակներում։

«Հուսով եմ՝ կհամաձայնեք, որ մենք հաջողությամբ անցկացրինք այդ գագաթնաժողովը»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը հատուկ ընդգծել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առրևտրատնտեսական գործընկերը. «Հայաստանի առևտրաշրջանառության 30 տոկոսից ավելին բաժին է ընկնում Ռուսաստանին, Ռուսաստանն է Հայաստանի առաջատար, թերևս հիմնական ներդրողը՝ ներդրումների մոտ 40 տոկոսը։ Այս տարվա առաջին տասը ամիսներին մեր առևտրաշրջանառությունը եղել է 67 տոկոս, ինչը լուրջ, լավ, դրական ցուցանիշ է»։

Ռուսաստանի նախագահը միաժամանակ նշել է, որ այդուամենայնիվ, «միշտ կան հարցեր», առանց հավելյալ մանրամասների։ Բանակցությունները այնուհետև շարունակվել են փակ դռների ետևում։

XS
SM
MD
LG