Մատչելիության հղումներ

«Իրար շալակ թռած գնում ենք»․ քաղաքացիները դժգոհ են հասարակական տրանսպորտի աշխատանքից


Վերջին տարիներին գնված նոր ավտոբուսներն առայժմ երևանյան մարդաշատ կանգառների, խցկված ու սեղմված երթևեկության տեսարանները չեն վերացրել. երևանցիները քաղաքային իշխանությունների խոստումից 4 տարի անց էլ օրվա պիկ ժամերին մի կերպ են աշխատավայր հասնում կամ տուն վերադառնում։

Քաղաքացիները դժգոհում են՝ երկար են սպասում, մեքենաներում էլ այնքան մարդ է լինում, որ անգամ կանգնել հնարավոր չէ։ Երևանցիներն այս «փորձության» միջով գրեթե ամեն օր են անցնում։

«Պատահել է՝ 30, 40 րոպե սպասել եմ՝ Բանգլադեշ գնալու համար, մի հատ տրանսպորտ է ու շատ լիքն է, իրար շալակ թռած գնում ենք», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը։

«Երկար եմ սպասում՝ Էրեբունի եմ գնում, 74 համարին եմ սպասում։ Էս նոր ավտոբուսները կան, ճիշտ է, մի քիչ փոխվել է, բայց էլի վատ է վիճակը», - ասաց մեկ այլ քաղաքացի։

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը հիմնովին բարեփոխելն այս իշխանությունների գլխավոր խոստումներից էր։ Այն իրագործելու համար մեկ տարուց էլ պակաս ժամանակ է մնացել. արդեն հաջորդ աշնանը Երևանի ավագանու հաջորդ ընտրություններն են։

Վերջին ամիսներին, սակայն, Երևանի քաղաքապետարանից հայտարարում են՝ 2023 թվականի ընթացքում այս խնդիրը լուծված կլինի 70 տոկոսով։ Այսինքն՝ խոստացված բարեփոխման մյուս 30 տոկոսին երևանցիները ստիպված կլինեն էլի սպասել։

«Տրանսպորտի խնդիրը միայն տրանսպորտային միջոցների ձեռքբերումը չէ, բայց առաջնահերթ քայլերից մեկն է։ Նաև պետք է երթևեկության կազմակերպումն իրականացնենք։ Մենք ակնկալում էինք, որ սեպտեմբերին կունենանք այդ կառավարման կենտրոնը, որպեսզի կարողանանք էլեկտրոնային նորարար ձևով կառավարում իրականացնել, այս պահի դրությամբ մրցույթ ենք դրել, կարծում եմ՝ ծրագրային մասով էլ մի երկու-երեք ամսից ամենաուշը դա էլ կունենանք», - «Ազատությանն» ասել էր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Քաղաքային իշխանությունները օրերս հայտարարեցին, որ նոր ավտոբուսների հաջորդ խմբաքանակը շուտով Երևան կհասնի։ Մայրաքաղաքի ճամփան են բռնել ևս 150 հատ չինական 8.6 մետրանոց կապույտ մեքենաներ։ Գնել են նաև 87 հատ 12 մետրանոց գերմանական ավտոբուսներ։ Սրանց կմիանան նաև 15 նոր տրոլեյբուսները։

Քաղաքապետարանի ավելի վաղ կատարած հաշվարկներով՝ ավելի քան մեկ միլիոն երևանցիների տեղաշարժը պատշաճ կազմակերպելու համար 850 ավտոբուս է անհրաժեշտ։ Մինչ այս պահն արդեն ավելի քան 500 մեքենա է գնվել։

Դեռ չի գործարկվել նաև խոստացված միասնական տոմսային համակարգը, որը պետք է վերջ դներ տրանսպորտում կանխիկով վճարելուն։ Այնինչ, ավելի քան կես տարի առաջ քաղաքապետարանից հայտարարում էին՝ դրա փորձնական տարբերակը շուտով գործարկվելու է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG