Մատչելիության հղումներ

Երևանի նոր ավտոբուսներում մինչև հիմա վճարային միասնական համակարգը չի գործարկվում


Շուրջ կես տարի առաջ քաղաքային իշխանությունները հայտարարում էին՝ Երևանի բոլոր նոր ավտոբուսներում մոտ ապագայում գործարկվելու է վճարային միասնական համակարգը։ Այս ծրագիրը, սակայն, մինչ օրս իրականություն չի դարձել։ Ավելին՝ նոր ավտոբուսներով երթևեկելու համար 100 դրամանոց ունենալը շարունակում է խիստ անհրաժեշտ մնալ, քանի որ սարքերը միայն հարյուր դրամանոցներ են ընդունում։

Այս շաբաթ քաղաքային իշխանությունները ժամանակավոր այսպիսի մի լուծում առաջարկեցին. Նոր ավտոբուսներով երթևեկելու համար այդքան անհրաժեշտ 100 դրամանոցների խնդիրը լուծելու համար վարորդները այսուհետ կարող են մանրել գումարը:

Երբ անցած տարի երթուղի մտան նոր ավտոբուսները, քաղաքային իշխանությունները շեշտում էին՝ վարորդներն, այսուհետ, գումարի հետ գործ չեն ունենալու, այժմ, սակայն, փաստացի հակառակն է տեղի ունենում։ Սա ժամանակավոր լուծում է, մինչև միասնական տոմսային համակարգին անցումը, հայտարարում է քաղաքապետարանը։

«Կարող եք վճարել ձեր բանկային քարտով, լինելու են քարտեր, որոնք կարտադրի Երևանի քաղաքապետարանը, դրանք լիցքավորման քարտեր են, որի մեջ գումար կլիցքավորեք ինչքան ուզենաք և կօգտվեք այդ գումարից», - Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի այս հայտարարությունից գրեթե կես տարի անց էլ, սակայն, քաղաքապետարանը համակարգի գործարկման հստակ ժամկետներ չի նշում։

Նոր ավտոբուսներից օգտվող ուղևորները վճարման գործող տարբերակից դժգոհ են։ Երևանցի մի կին շեշտում էր՝ տրանսպորտային բարելավում իրականացնելու համար նորմալ վճարային համակարգ է պետք. «100 դրամը գցում ես, ասենք վարորդը էդ պահին չի նայում, բա տոմսը, ուրեմն եթե համակարգ են անում, համակարգը պիտի մինչև վերջ անեն»:

Անցած տարվա ընթացքում քաղաքապետարանը ձեռք բերեց 311 միկրոավտոբուս և ավտոբուս, այս տարի նախատեսվում է գնել ևս 200-ը։ Նոր մեքենաները պարբերաբար մուտք են գործում տարբեր երթուղիներ՝ փոխարինելով արդեն հնացած տրանսպորտային միջոցներին։ Մայրաքաղաքի երթևեկությունը պատշաճ կազմակերպելու համար քաղաքապետարանի նախկինում կատարված հաշվարկներով շուրջ 850 ավտոբուս է անհրաժեշտ։

Կանգառներում տրանսպորտի սպասող երևանցիներն այսօր ընդգծում էին՝ նոր ավտոբուսները շատ են հավանում և ցանկանում են օր առաջ այլևս Երևանում չտեսնել հնամաշ, անհարմար «Գազել»-ները:

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց՝ շուտով գործարկվելու է միասնական վճարային համակարգի փորձնական՝ պիլոտային տարբերակը, որի արդյունքները հաշվի առնելով կանցնեն համակարգի ամբողջական տեղադրմանը, հստակ ժամկետներ, թե երբ է իրականացվելու այս ամենը, պաշտոնյան չի նշում։

Միասնական համակարգը ենթադրում է, որ քաղաքացին կկարողանա նախօրոք տոմս գնել՝ արդեն առանց վարորդին անձամբ վճարելու։

«Ժամկետ չեմ կարող նշել, որովհետև փորձը ցույց է տալիս, որ տեխնիկական խնդիրների հետ կապված հա ձգձգվում է», - նշեց Սարգսյանը:

Պաշտոնյան տեղեկացրեց՝ անցած տարի ձեռք բերված 311 ավտոբուսները այժմ սպասարկում են մոտ 20 երթուղիներ, մայիսից էլ Երևանի փողոցներ դուրս կգան այս խմբաքանակի վերջին 54 տրանսպորտային միջոցները։ Առայժմ հստակ չէ նաև, թե երբ Հայաստանում կլինեն այս տարվա համար նախատեսված 200 ավտոբուսները։ Պաշտոնյան ասաց՝ հավանաբար տարեվերջին, սակայն, տարբեր օբյեկտիվ պատճառներ, այդ թվում՝ աշխարհաքաղաքական իրավիճակը կարող է բացասաբար ազդել գնման գործընթացի վրա։

XS
SM
MD
LG