Մատչելիության հղումներ

«Խցկված, սեղմվելով». երևանցիները դժգոհում են՝ տրանսպորտից օգտվելը դեռ ծանր ու անհարմար է մնում


Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը 311 նոր մեքենա է գնել՝ փոքր «Գազելներից» մինչև ավելի մեծ ավտոբուսներ, գրեթե բոլորն այժմ սպասարկում են երևանցիներին։

Նոր ավտոբուսները կթեթևացնեն տրանսպորտի ծանրաբեռնվածությունը, ամեն անգամ նոր խմբաքանակ գնելիս հայտարարում էին քաղաքապետարանից, այնինչ կանգառներում պատկերը հակառակի մասին է վկայում։ Ուղևորները դժգոհում են՝ աշխատանքային օրվա ավարտին տրանսպորտից օգտվելը ծանր գործ է. «Խցկված, սեղմվելով, մեկը մեկին խնդրելով՝ մի քիչ խտացեք»։

«Ես Ավանում եմ ապրում ու ճիշտն ասած՝ շատ դժգոհ եմ Ավանի տրանսպորտից, շատ երկար ժամանակ սպասում ենք», - ասում է մեկ այլ քաղաքացի։

Երևանցի մեկ այլ կին նեղսրտում է՝ կենտրոնից Ավան հասնելու համար երբեմն 2 ժամից ավելի է ծախսում, այդքան սպասում է տրանսպորտին, քանի դեռ մեկում տեղավորվելու հնարավորություն չի ունենում. «Քանի հատ 20 համար, 40 համար անցնում է, նոր երրորդին կամ չորրորդին ես կարողանում եմ հազիվ խցկվեմ, հասնեմ տուն»։

Այս նույն պատկերն է նաև առավոտյան ժամերին մայրաքաղաքի տարբեր բանուկ հատվածներում։

Ավելի քան 300 նոր մեքենաներից օգտվող քաղաքացիները ինչո՞ւ են շարունակում սեղմված երթևեկել ու ժամերով տրանսպորտի սպասել. քաղաքապետարանից չեն թաքցնում՝ թերացումներ եղել են. «Մենք, իհարկե, դա չէինք պատկերացնում, մենք պատկերացնում էինք, որ պետք է ծանրաբեռնված չլինեն, այսինքն՝ մարդիկ ժամանակին հասնեն իրենց աշխատավայր և առհասարակ խցանումներից ազատվեն»։

Ինչո՞ւ խնդիրը չի լուծվում. տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանն ասում է՝ մի շարք երթուղիներ նախկինում սպասարկում էին հին «Գազելները», դրանց օգտագործման ժամկետն ավարտվել էր, և իրենք ստիպված այդ ուղիներում ավտոբուսներ են ներդրել ավելի քիչ քանակով։ Շարժակազմը փոքր է, այսինքն՝ մարդիկ ավելի երկար են տրանսպորտի սպասում, դժվարությամբ տեղ հասնում։

«Դրա համար մենք գնացինք այդ լուծումներին, մի քիչ անհարմարություններ պատճառեցինք քաղաքացիներին, բայց գոնե երթուղին որոշակիորեն աշխատում է, այսինքն՝ քաղաքացին կարողանում է օգտվել այդ երթուղուց», - պարզաբանեց պաշտոնյան։

Անցած հոկտեմբերին վարչապետ Փաշինյանը հայտարարել էր՝ Երևանում հասարակական տրանսպորտը կարգավորելու համար արմատական լուծումներ են պետք, եթե համակարգ չգործի, տասը տարի անց այս նոր ավտոբուսները մաշվելու են, վերադառնալու են նախկին՝ անմխիթար վիճակին։

Քաղաքապետարանի հաշվարկներով՝ ավելի քան մեկ միլիոն երևանցիների տեղաշարժը պատշաճ կազմակերպելու համար 850 ավտոբուս է անհրաժեշտ։ Այս ամիս հայտնի դարձավ 87 հատ ավելի երկար՝ 12 մետրանոց մեքենաների ձեռքբերման մասին։ Ընդհանուր առմամբ ստացվում է շուրջ 400 նոր մեքենա։ Սա արդեն պահանջվող քանակի կեսն է. «Եվ ևս 100 ավտոբուս նախատեսում ենք արդեն միջին դասի, 87-ը բարձր դասի են համարվում, և միջին դասի՝ այսինքն՝ այսօր որ ունենք այդ չափերի մեջ»։

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը հիմնովին բարեփոխելն այս իշխանությունների գլխավոր խոստումներից էր, բայց ոչ միայն տրանսպորտային ցանցը դեռ չի համալրվել անհրաժեշտ քանակի ավտոբուսներով, այլև չի ներդրվել վճարման միասնական համակարգը։ 2018-ին երևանցիների քվեների մեծամասնությունը ստացած քաղաքային իշխանությունները իրենց խոստումն իրականացնելու համար մեկուկես տարուց էլ քիչ ժամանակ ունեն։ Տեղական նոր ընտրությունները կկայանան 2023-ի աշնանը։

XS
SM
MD
LG