Մատչելիության հղումներ

Մյուս տարի Երևանը 511 նոր ավտոբուս կունենա` մոտենալով տրանսպորտային նոր ցանցի համար պահանջվող թվին. խոսնակ


Աշխատանքային պայմանների բարելավման ու աշխատավարձի բարձրացման պահանջով ​ երեկվա գործադուլից հետո մայրաքաղաքի ավտոբուսները, այդ թվում՝ նորերն առավոտից կրկին երթուղի են դուրս եկել։ Քաղաքապետարանի ձեռք բերած 211 ավտոբուսներից առայժմ միայն 63-ն են շահագործվում։ Մյուս 148-ը մոտ ապագայում կսպասարկեն երևանցիներին։

Նոր ավտոբուսները մայրաքաղաքի փողոցներ դուրս եկան այս կիրակի, դրանցով երթևեկելու համար, ինչպես ավելի վաղ ձեռք բերված փոքր ավտոբուսների դեպքում, անհրաժեշտ է նստելիս 100 դրամանոց գցել սարք։ Քաղաքային իշխանությունները խոստանում են, որ ապագայում վճարման միասնական էլեկտրոնային համակարգ կգործի, սակայն հստակ ժամկետներ դեռ չեն նշում:

Չինաստանից գնված նոր ավտոբուսներից օգտվողներն ասում են՝ շատ հարմար, ընդարձակ մեքենաներ են, ովքեր էլ դրանցով երթևեկելու առիթ դեռ չեն ունեցել, հույս են հայտնում, որ շուտով իրենց երթուղիներում էլ այս մեքենաներից կլինեն. «Կուզենք, որ շուտ լինի, 100 հոգի չնստի 30 տեղանոց ավտոբուսը, գնա»:

Այլ երթուղիներ նոր ավտոբուսները կմտնեն աստիճանաբար: Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ հաջորդ խումբը փողոցներ դուրս կգա մինչև հունվարի կեսերը: Թե որ երթուղիները դրանք կսպասարկեն, կախված է ուղևորների հոսքից:

«Հաշվարկվում են այն գծերը, որոնք ավելի բանուկ գծեր են, բանուկ երթուղիներ են, ավելի շատ մարդ են տեղափոխում, և հետևաբար այս նոր ավտոբուսներն այդ երթուղիներում ներդնելով` ավելի շատ մարդկանց հարմարավետ և անվտանգ երթևեկություն են ապահովում, այսինքն` իր օգտակար գործողության գործակիցը հնարավորինս մեծացնել», - ասաց Կարապետյանը:

Տարբեր երթուղիներում այս նոր մեքենաները կփոխարինեն մանուշակագույն ավտոբուսներին կամ միկրոավտոբուսներին՝ «Գազել»-ներին:

«Եթե կփոխարինվեն մանուշակագույն ավտոբուսները, այդ հին ավտոբուսների մեջ նրանք, որոնք դեռ լավ վիճակում են և շահագործման պիտանի են, իսկ դրանք քիչ չեն, իրենք բավական պինդ և որակյալ ավտոբուսներ են, այդ մանուշակագույն ավտոբուսները կգնան փոխարինելու միկրոավտոբուսային երթուղիները», - հայտնեց խոսնակը:

Մայրաքաղաքի երթևեկությունը պատշաճ կազմակերպելու համար քաղաքապետարանի հաշվարկներով շուրջ 850 ավտոբուս է անհրաժեշտ։ Մինչ այս համայնքային բյուջեով արդեն 311 մեքենա է ձեռք բերվել, մյուս տարի 8.6 և 12 մետրանոց հարյուրական ավտոբուս կգնվի:

«311 գումարած 200` մյուս տարվա ընթացքում 511 նոր ավտոբուս կունենանք, դրան եթե գումարենք մանուշակագույն ավտոբուսները, արդեն 750-ից ավելի է լինում, և մենք արդեն ընդհուպ մոտենում ենք մեր տրանսպորտային նոր ցանցի համար պահանջվող թվին», - նշեց Հակոբ Կարապետյանը:

Կառավարությունն անցած շաբաթ որոշեց 10 տարուց հին տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետը 3 տարով երկարացնել, դրանք հնարավոր կլինի օգտագործել մինչև 2025 թվականը: Արդյոք սա նշանակո՞ւմ է, ր քաղաքային իշխանություններին Երևանի տրանսպորտի հարցը հիմնովին լուծելու համար ևս 3 տարի է պետք։ Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը պարզաբանում է՝ հնարավոր է չնախատեսված, խանգարող հանգամանքներ ի հայտ գան:

«Երեք տարին մի քիչ լրացուցիչ ժամկետով, որպեսզի մենք հաշվի առնենք նաև չնախատեսված ձգձգումները, ինչպես օրինակ եղավ 20 թվականի համավարակի և պատերազմական իրավիճակի բերումով», - ասաց խոսնակը:

Մասնավոր ընկերությունները նույնպես կարող են մասնակցել տրանսպորտային ռեֆորմին՝ իրենց նոր շարժակազմով որակի չափանիշներին համապատասխանելու դեպքում։

XS
SM
MD
LG