Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունենում Թունիսում։
Նա երեկ Բուլղարիայի իր գործընկերոջ՝ Նիկոլայ Միլկովի հետ հանդիպմանն անդրադարձ է տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրներին, ներկայացրել իրավիճակը Հարավային Կովկասում, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները:
Անդորրայի արտգործնախարար Մարիա Ուբակ Ֆոնտի հետ Միրզոյանը քննարկել է զբոսաշրջության, կայուն զարգացման, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում արդյունավետ փոխգործակցության հաստատման հնարավորությունները:
Միրզոյանն ու Ֆոնտին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ։
Միրզոյանը նրան ևս ներկայացրել է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը, անդրադարձել Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներին։
Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հոկտեմբերի 31-ին կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն ընդունվեց։ Երեք երկրների առաջնորդներն ընդգծեցին խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպատակով։ Չկրակելու, չսպառնալու Սոչիի պայմանավորվածություններից ընդամենը 10 օր անց Հայաստանն ու Ադրբեջանը կոշտ մեղադրանքներ են փոխանակում։ Զուգահեռ նաև սահմանային լարվածությունն է աճում։